Գիշերը կարդացել եմ (գործիս անունն ի՞նչ է) Յուվալ Նոյ Հարարու «Աշխարհը կորոնավիրուսից հետո» հոդվածը։ Ցանցում տեսա՝ շատերն են տարածում, մեջբերումներ անում, ասեցի՝ ես էլ կարդամ, չնայած ինքը որոշ իմաստով պրիմիտիվ է թվացել ինձ միշտ։ Կարդացի, համոզվեցի՝ պրիմիտիվ է։ Իր բարձրացրած հարցադրումն էլ մոտավոր այս կարգի են՝ կուզեք աղքատ լինել և հիվանդ, թե՞ հարուստ և առողջ։ Սա ի՞նչ մի քննարկելու բան է, որ այդքան ոգևորված շեյրում ու տարածում ենք։ Ամոթ էլ է։
Հասկանում եմ, որ վիրուսի տարածումը տարատեսակ մտքերի և խոհերի առիթ է տալիս, բայց եկեք ամեն դեպքում փորձենք հարցի խորքին նայել։ Գիտե՞ք՝ երբ են հասարակություններն էֆեկտիվ տարատեսակ սպառնալիքների դեմ պայքարում։ Երբ այդ հասարակությունն ունի իսկական իշխանություն։ Ոչ թե ինստրուկցիաների (սահմանադրություն, օրենքներ, կարգեր) հետևող ու դրանց շրջանակում գործող թիմ, այլ հենց իշխանություն։ Ուժեղ, արդար, վստահություն վայելող իշխանություն։ Եթե կա այդպիսի իշխանություն, ուրեմն կա նաև համախմբում, կարգապահություն, արդյունավետ ու տրամաբանական կառավարում։ Չկա նման իշխանություն, ուրեմն չի լինի նաև արդյունավետություն։ Նկատի ունեմ՝ ոչ մի արդյունավետություն՝ ո՛չ վիրուսի դեմ պայքարի գործում, ո՛չ տնտեսական կայունության ապահովման, ո՛չ անվտանգության… Չե՞ք հավատում՝ շուրջներդ նայեք։
Ինչո՞վ է զբաղված մեր «իշխանությունը» արտակարգ դրության պայմաններում։ Վարչապետը բոլորի աչքի առջև մեկ շիշ գինի է խմում և հայտարարում, որ եղինջը օգտակար է կորոնավիրուսի դեմ։ Նախարարներից մեկը հայտարարում է, որ պետությունը ի վիճակի չէ զբաղվելու աշխատողների շահերի պաշտպանությամբ և հորդորում այդ հարցով դիմել Սորոսի վաստակ Սաքունցի գրասենյակ։ Ազգային ժողովի նախագահը շուն է վարժեցնում, պարետատունը մեկը մյուսից անհասկանալի և անտրամաբանական որոշումներ կայանում… Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է լինելու այսպիսի կառավարման արդյունքում։
Բայց եկեք ազնիվ լինենք․ ուրիշ էլ ի՞նչ էր կարելի ակնկալել այսօրվա կառավարությունից։ Նրանք իրենց պահում են սովորական մարդկանց պես։ Որովհետև սովորական մարդ են։ Սպառող։ Իշխանություն չեն։ Չունեն իշխանություն լինելու ոչ մի ռեսուրս՝ ո՛չ խարիզմա, ո՛չ հեղինակություն, ո՛չ հոգեբանություն և ո՛չ էլ ինտելեկտ։ Իշխանական սենյակներում հայտնված պատահական մարդիկ։
Ու եթե մենք ուզում ենք իսկապես ուժեղ և արդյունավետ պետություն ունենալ, ուրեմն պետք է նաև իշխանության չափորոշիչների մասին մեր պատկերացումները փոխենք։ Ինչպես որ պատահական մարդիկ չեն կարող ուսուցիչ կամ բժիշկ լինել, նույնպես էլ պիտի չկարողանան իշխել։ Ու եթե որևէ մեկն իսկապես ուզում է մտածել, թե ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո, առաջարկում եմ մի քիչ էլ իմ այս ասածի շուրջ մտածի։