Այսօր պարգևատրվում են ոչ թե լավ աշխատելու, այլ բարձր աշխատավարձ ստանալու համար։ Պարգևատրումների մեխանիզմն այլևս վաղուց ոչ թե ծառայում է իր իրական նպատակին, այլ կրում է տեխնիկական բնույթ։ Գուցե վախենո՞ւմ են օրենքով բարձրացնել նախարարների, պատգամավորների և այլ պետական պաշտոնյաների աշխատավարձերը, դրա համար էլ նման կերպ են վարվում։ Չէ՞ որ սոցիալական ու տնտեսական հեղափոխության կոչերով եկած իշխանությունը չի կարող գալ ու առաջնահերթությունը տալ պաշտոնյաներին, երբ երկրում կան աղքատության բարձր մակարդակ, դեռևս չլուծված (բայց խոստացված) բազում խնդիրներ, խոցելի հարցեր և այլն։ Դրա համար էլ գտել են միջանկյալ լուծում՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր միջոց։ Իհարկե, կա որոշակի բացասական կորելացիա բարձր աշխատավարձերի և կոռուպցիայի մակարդակի միջև (բարձր աշխատավարձ-կոռուպցիայի ցածր մակարդակ)։ Սակայն արդյո՞ք շատ ավելի մեծ վնաս չի հասցվում պետությանը, երբ Կառավարությունն ու ԱԺ-ն պատրաստ չեն պոպուլիզմից դուրս՝ ոչ ականջահաճո որոշում կայացնել ու օրենքով բարձրացնել մարդկանց աշխատավարձերը, այդպիսով և՛ իրապես նպաստելով կոռուպցիայի կանխարգելմանը, և՛ չխեղաթյուրելով պարգևատրումների մեխանիզմը։ Ո՞րն է լինելու պետական ծառայողի մոտիվացիան՝ աշխատելու ավելի լավ, եթե նա գիտի, որ գրեթե ամեն ամիս ստանալու է պարգևատրում։ Գիտի նախապես, պլանավորված կարգով։ Գուցե հիմա լավ չեք պատկերացնում էս աբսուրդի բացասական երկարաժամկետ հետևանքները, բայց սա, միանշանակ, թողնելու է իր հետքը։

Դրա համար էլ, պարոնայք, մարդիկ ծիծաղում են ԱԺ պատգամավորների որոշման վրա՝ իրենց մեկ ամսվա պարգևատրումից (և ոչ թե աշխատավարձից) հրաժարվելու և այդ գումարը բուժաշխատողներին փոխանցելու վերաբերյալ։ Սա չի տեղավորվում որևէ ռացիոնալ տրամաբանության կաղապարներում։