ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
ՄԱՍ 3 (ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՏԱՐԲԵՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ)

Թարմացված! ( որ հաստատությունները պետք է փակվեն, որոնք՝ ոչ)

Երեկ ուշ գիշեր արդեն իսկ հրապարակվեց պարետի առաջին որոշումը, որով մարտի 17-ի ժամը 12։00-ից Հայաստանի Հանրապետության ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սա նշանակում է, որ արգելվում են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․
համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները,
ժամանցային միջոցառումները,
տոնական և հիշատակի միջոցառումները,( ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները դպ այլ)
Հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում սահմանվելու են մասնակցության ավելի լայն հնարավորություններ' հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն։

Ո՞Ր ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ
Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական, միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության:
Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը, օրինակ 'մոլեր, ռեստորաններ, խաղահրապարակները և այլն:

Սա նշանակում է, որ դադարեցվում են ոչ թե բոլոր ռեստորանների, առևտրի կենտրոնների և նմանատիպ այլ օբյեկտների աշխատանքը, այլ միայն նրանց, որոնք կսահմանվեն պարետի կողմից: ( Բազմաթիվ մոլեր եւ առեւտրի սրահներ իրենք են նման որոշում կայացրել՝ ավելի վաղ)
Այս պահի դրությամբ դեռևս ցուցում չկա կոնկրետ տարածքների մասով։

Երեկվա քննարկումներից պարզ է դառնում, որ կառավարությունը փորձելու է սահմանափակումներ կիրառելիս հակակշիռներ գտնել տնտեսվարողների շահերի պաշտպանության համար։
Սակայն միանշանակ է, որ արտակարգ դրության որոշմանը պետք է հետևի տնտեսվարողներին աջակցության հստակ ընթացակարգերը: Իհարկե, ծանր ժամանակներ են պետության համար, սակայն ավելի ծանր ժամանակներ են պետության տնտեսական հենարանը կազմող տնտեսվարողների համար: Նույնիսկ այն պարագայում, երբ որոշակի տարածքում չկիրառվի արտակարգ դրության սահմանափակումները, արտակարգ դրությունը հսկայական հարված է տնտեսվարողների և գործատուների համար:

Ամփոփելով՝ այս պահի դրությամբ'
Խանութները
Դեղատները,
Բանկերը,
Պետական հաստատությունները և կառույցները, մասնավոր հիմնարկները (օրինակ' քաղաքացիներին տարբեր ծառայություններ մատուցոց կազմակերպություններ եւ այլն )ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ աշխատել:
Սննդի պաշարներ կան, գնեք միայն այնքան, ինչքան պետք է տանը մնալու համար։ Խանութներում կուտակումները նույնքան վտանգավոր են ձեր ու շրջապատի համար։

Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են' հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները: Առողջապահության նախարարի հայտարարությունից պարզ դարձավ, որ բժշկական կազմակերպությունների ձևաչափը հստակեցվելու է այսօր»: