Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ առաքելական եկեղեցուն՝ մեր ազգային ամենակարևոր պատմական հիմնասյուներից մեկին, ինչպես Հայաստանին, նույնպես հեղափոխություն է անհրաժեշտ: Չնայած եկեղեցու վերջերս տարածված անվանարկմանն ու պատմական կարևորագույն դերի կանխամտածված նսեմացմանն առանձին շրջանակների կողմից՝ Հայ առաքելական եկեղեցին պատմության մեջ բազմիցս եղել է Հայաստանի ամենաառաջադեմ կառույցը: Եկեղեցու օժանադակությամբ էր Մաշտոցն ստեղծում հայոց գրերը, եկեղեցու օժանդակությամբ և մասնակցությամբ ստեղծվեց ահռելի միջնադարյան գրականություն և պատմագրություն, եկեղեցին էր, որ վարում էր Հայաստանի ողջ կրթական համակարգը միջնադարում և ոչ միայն: Եկեղեցու աջակցությամբ Աբովյանը բազում գործեր արեց ինչ-որ մի շրջան, եկեղեցական էր և Կոմիտասը:
Բայց մեր եկեղեցում եղել են և բազում պահեր, երբ կառույցն առևանգվել է կղերականների կողմից, կամ երբ եկեղեցին որպես հաստատություն զոհ է դարձել անմաքուր մարդկանց, հետադիմական կրոնավորներին կամ քաղաքական անմաքուր խաղեր խաղացող ուժերին և եկեղեցականներին: Եկեղեցին, չնայած դրան ու չնայած իր առաքելությունից տարբեր ժամանակներում ժամանակավոր նահանջներին, եղել է իր հոտն առաջնորդող և նրա մասին հոգացող կարևորագույն կառույց: Այսօր, սակայն, հենց միայն այսօրվա բազմամարդ պատարագի օրինակով վկայվեց, որ եկեղեցին ոմանք ուղղորդում են խավարի, կղերականության (և ոչ հոգևերության) ուղով և ստիպում են նրան լքել սեփական հոտը:
Համաճարակի պարագայում, երբ եկեղեցու առաքելությունն է պաշտպանել հոտին՝ պատարագ անցկացնելով սեփական ժողովրդին մեծագույն վտանգի ենթարկելը հենց հոտը լքել և անգամ նրան վնասել է նշանակում:
Համաճարակի այս ճգնաժամը բազում երկրներում իրականություններ է խմբագրել և դեռ խմբագրելու է: Այդպես է անխուսափելիորեն լինելու և Հայաստանում: Ինչպես այսօր պարզվեց, ոչ միայն քաղաքական ասպարեզում, որտեղ իշխանությունները լքեցին ժողովրդին, այլև հոգևոր առումով, որտեղ հոգևորականության վերին դասերն ապացուցեցին, որ հոգևորը կղերով են փոխարինել և հետ են գնացել դեպի միջնադար, որտեղ, անգամ մեր եկեղեցին առաջադեմ էր և առաջնորդող: Եվ եթե այսպես գնա, աղանդները, աթեիզմն ու ագնոստիզմը սահուն կգրավեն եկեղեցու տեղը: Ու դրանում այլևս ոչ ոքի կարելի չի լինել մեղադրել՝ բացի հենց իրենցից՝ այսօրվա հոգևորականներից, որովհետև աղանդների, աթեիզմի ու ագնոստիզմի դեմ չեն պայքարում գրաբարահունչ և կեղծ սրբանման առոգանությամբ կղերական դատարկ ճառերով: Պայաքարելիս պայքարում են գործով և սեփական պիտանելիությունը ցույց տալով: Նոր սերունդն այլևս չի ընդունում հետադիմական և անհոգատար վարքագիծ, իսկ պատմական ինստիտուտների կարևորությունն այլևս մեր ժամանակներում փոխարինվել է միայն գործառնական կարևորությամբ: Ճգնաժամում գտնվող Կաթոլիկ եկեղեցին հասկացավ դա ու ընտրեց խիստ առաջադեմ ռեֆորմատորի՝ Ֆրանցիսկոսին: Հայաստանը նոր սերնդինն է լինելու: Եվ այդ սերունդն այսօրվանից սկսած ընդգծված մերժելու է այլևս ճգնաժամի մեջ գտնվող եկեղեցու այսօրվա վարքագիծը:
Այս ապտակը և լքումը սեփական ժողովրդի՝ ժողովուրդը չի մոռանա: Մեր եկեղեցին վերանորոգության՝ հեղափոխության և ժողովրդին վերադարձնելու կարիք ունի: Եվ անպայամնորեն՝ մեր ժամանակներ վերադառնալու: Եվ դա միայն ժողովուրդը կարող է անել»: