ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիվանդագին սևեռվածությամբ հանրապետականների գոյությունը, աշխատանքն ու գաղափարները հանգիստ չեն տալիս երկու պետությունների ղեկավարներին՝ Նիկոլին և Ալիևին:
Վերջինս երեկ` ադրբեջանական խորհրդարանի բացման նիստին, կրկին խոսեց մեր մասին՝ մեղադրելով մեզ ֆաշիստական լինելու մեջ: Իհարկե, մեր ազգային-պահպանողական գաղափարախոսությունը նրա բկին է կանգնած, քանզի իր համար շատ ավելի նախընտրելի են «իզմեր» չընդունող, արժեքներ չունեցող, ազգայինը ծաղրող ուժերը:
Ալիևն անդրադարձել է անգամ մեր զինանշանին, համեմատելով այն նացիստների հետ: Ի տարբերություն ոմանց` մենք իր մասին դիֆերամբներ չենք ձոնել և ըմբռնումով ենք մոտենում, որ իր համար հնդեվրոպական հնագույն սիմվոլներից մեկը կարող է այդպիսի ասոցիացիաների առիթ դառնալ:
Հասկանում եմ նաև, որ Ալիևի համար շատ ավելի ընկալելի կլիներ իր աչքի համար հարազատ՝ չորքոտանի և բրդոտ կենդանի տեսնելը:
Իսկ նախորդ ընտրություններին մեր՝ խորհրդարան չանցնելու իր արտահայտած ուրախությունը չափելի է միայն Հայաստանի այսօրվա իշխանությունների հրճվանքի հետ: Թե ով է դրել Ալիևի բերանն այդ լեզուն, չասեմ, բոլորդ էլ գիտեք:
Հ. Գ. Փողոցներում զվռնող իշխանավորներին ասեք, որ Ալիևը երեկ Արցախի հարցով էլի հիմարություններ է խոսացել՝ ի լուր աշխարհի: Եթե իրենք ժամանակ/խելք գիտելիք/դուխ չունեն, թող ասեն, մենք դրան էլ կպատասխանենք»: