Երևանյան մետրոյի գնացքում 6 տարեկանոտ մի տղա էր առջևումս` իր մայրիկի հետ: Տղայի ձեռքում` խաղալիք-ատրճանակ: Մեկ աչքը կկոցած` պահում էր ատրճանակը վագոնի ուղևորների վրա և փորձում ընտրել թիրախ:

– Մամ, ու՞մ կրակեմ:

– Չգիտեմ, բալես, – շոյում էր նրա գլուխը մայրիկը: – Այ էս ձաձային հարցրու:

Տղայի մյուս կողքին զինվորական հագուստով 60-անց մի մարդ էր նստած:

– Իմ մասին ա ՞ խոսքը, – նայեց նրանց երկուսին:

Մայրիկը ժպտաց ու գլխի շարժումով ասաց` այո:

Տղամարդը.

– Ասա, տղա ջան:

Տղան.

– Զինվոր ե՞ք:

– Գեներալ-գնդապետ:

– Չգիտեմ, դա ինչ ա:

– Ավելի փորձառու զինվոր, – ժպտաց տղամարդը:

– Դուք է՞լ ունեք ատրճանակ:

– Այո, ունեմ:

– Ուրեմն կրակել էլ գիտե՞ք:

– Իհարկե, գիտեմ:

– Դե որպես գեներալ-գնդապետ կհրամայե՞ք, ու՞մ հիմա կրակեմ, – կրկին ուղղեց իր խաղալիքն ուղևորների վրա:

Մեղմ շարժումով տղամարդը բռնեց տղայի դաստակը և իջեցրեց տղայի ձեռքը, որում խաղալիք-ատրճանակն էր.

– Տղաս, հրամայում եմ, որ հիշես. երբեք, երբեք, երբեք չպահես զենք որևէ անզեն մարդու վրա խաղաղ պայմաններում...

– Բայց սա խաղալիք ա:

– Նույնիսկ խաղալիք-զենք: Չի կարելի: Սխալ ա: Դա քեզ որպես զինվորական եմ ասում: Զենքից ավելի սարսափելի չարիք չկա: Միայն ծայրահեղ պատերազմական իրավիճակների համար ա:

– Բա հիմա ինչո՞վ կրակեմ, – տխրեց տղան:

– Օրինակ, ժպիտով: Այ սենց, – տղամարդու դեմքին հայտնվեց բարի ժպիտ: – Տես, կրակում եմ քեզ ժպիտովս:

Փոքր տղան ժպտաց.

– Վայ, հասկացա. որ ժպիտով կրակում ես, կրակվածն էլ ա ժպտում:

– Ահա: Ու տենց ես իմանում, որ հաղթել ես:

Տղան սկսեց հերթով նայել իր տեսադաշտում գտնվող ուղևորներին ու ժպտալ: Ինձ էլ նայեց ժպիտով: Ես էլ նրան ժպտացի: Նկատելով շատերի փոխադարձ ժպիտները` ոգևորված ասաց գեներալ-գնդապետին.

– Արդեն քանի հոգու հաղթեցի:

~ ~ ~ ~
[#Made_in_Երևան շարքից]

На изображении может находиться: на улице