Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

------------------------------------------------------------------------
Ուշադրությամբ դիտեցի վարչապետ Ն. Փաշինյանի այսօրվա հանդիպումը զինված ուժերում տարբեր տարիներին արձանագրված ողբերգական դեպքերի արդյունքում մահացած զինծառայողների ծնողների հետ:
Հանդիպման քննարկման բովանդակությունը հնարավորություն է տալիս արձանագրելու, որ պետությունն ի դեմս երկրի վարչապետի, խոստովանում է, որ երկրի իրավապահ համակարգն ի զորու չէ լուծել իր առջև դրված խնդիրները, որ դատախազությունը, քննչական, օպերատիվ և հետաքննություն իրականացնող մարմիններն ի վիճակի չեն պատշաճորեն վարել քրեական գործերով վարույթները և բացահայտել տարիներ շարունակ չբացահայտված հանցագործությունները:

Իրավապահ համակարգի նկատմամբ այսպիսի բացահայտ անվստահության դրսևորում և խոստովանություն հնարավոր չէ պատկերացնել:

Արձանագրելով վերը նշված մարմինների անարդյունավետ գործունեությունը, վարչապետը մահացած զինծառայողների ծնողներին առաջարկել է ստեղծել, ըստ էության, այլընտրանքային քննչական խումբ, ով կունենա դատավարական և օպերատիվ հետախուզական գործունեության մասին հանձնարարություն տալու իրավասություն, ով կքննարկի յուրաքանչյուր դեպքը և իր եզրակացությունը կներկայացնի հրապարակայնորեն:
Այս առաջարկն արվել է պայմանով, որ այդ եզրակացությունից հետո, ըստ էության, մահացած զինծառայողների հարազատները համակերպվեն «Ճշմարտության» հետ:

Ես չգիտեմ, թե Հայաստանի վարչապետին ովքեր են այսպիսի «դարակազմիկ» խորհուրդներ տալիս, բայց սա նշանակում է, որ մենք թքած ունենք ՀՀ օրենքների և իրավապահ հակակարգի վրա և ինքներս մեզ համար օրենքներից դուրս կազմում ենք քննչական խմբեր՝ այս կամ այն հանցագործությունները բացահայտելու համար:
Եթե իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն և իրենց գործառույթները պետք է իրականացնեն վարչապետի առաջարկով ձևավորված այս կամ այն մասնագիտական խումբը, հարց է առաջանում՝ այդ գեներալական ուսադիրներով, ծառայողական մեքենաներով, պերճաշուք աշխատասենյակներով և չգիտես արդեն քանի անգամ պարգևավճար ստացող «Պրոֆեսիոնալ» դատախազներն ու քննչական մարմինների ղեկավարներն ի՞նչով են զբաղված:

Պարո՛ն վարչապետ, այս գործերով քննությունները պետք է իրականացվեն ՀՀ օրենսդրության տառին համապատասխան, և «Ճշմարտությունը» պետք է բացահայտվի միայն ու միայն դատարանում:

Հ.Գ. Առաջիկա օրերի ընթացքում առավել մանրամասն կներկայացնեմ իմ դիրքորոշումը նշված հարցի կապակցությամբ»: