ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Նեոբոլշեւիկների ռեժիմը՝ հավատարիմ մնալով կարմիր տեռորի, Յագոդայի, Յեժովի ու Բերիայի ավանդույթներին, հասարակական եւ պետական համակարգում լծվել է դավաճաններ հայտնաբերելու մոլուցքին:
Այսինքն՝ ինչպես բոլշեւիկներն էին Քաջազնունուն, Չարենցին, Բակունցին, Սիլիկյանին, Բեկ-Փիրումյանին դավաճան հայտարարում, այնպես էլ նույն ոճով Փաշինյանի ռեժիմը, ով քննադատում է իրենց եւ պայքարում իրենց ապաշնորհ կառավարման դեմ, պոտենցիալ դավաճաններ կամ դավադիր ուժեր է դիտարկում:
Պարոնայք, դավաճանում են հայրենիքին, բայց ոչ երբեք՝ իշխանություններին: Իշխանությունները գալիս ու գնում են, իսկ հայրենիքը հավիտենական է:
Անմեղսունակություն է իշխանությունն ու հայրենիքը նույնականացնելը: Իսկ դավաճանություն վերջին 2 տարիներին քիչ չի եղել:
Արցախի ազատագրության ղեկավարներին անհիմն կալանավորելը, մեղադրանք առաջադրելը, Ամենայն Հայոց Վեհափառի եւ Մայր Աթոռի վրա հարձակվելը, ԱԺ-ն տրանսգենդերության քարոզի հարթակ դարձնելը, Ալիեւին կիրթ եւ նորմալ համարելը... եւ այսպես շարունակ:
Ծառայեք հայրենիքին, այլ ոչ թե ռեժիմի սպասարկու դարձեք: Հովհաննես Քաջազնունու, Մովսես Սիլիկյանի, Դանիել Բեկ-Փիրումյանի անունների նման Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վիտալի Բալասանյանի անուններն էլ են ոսկե տառերով գրվելու հայոց ազատամարտի նորագույն պատմության մեջ:
Դուք ձեր դարդը լացեք, որ մեծ շանս ունեք հայտնվելու Յեժովի ու Բերիայի աջ ու ձախ կողմերում, որոնց անունները ոչ միայն սերունդները, այլ նույնիսկ իրենց հետնորդներն են ամաչում արտաբերել:
Հ.Գ. Փաշինյանին էլ ասեք էդ օտարերկրյա գործակալների անունները ե՞րբ է տալու, մի տարի է սպասում ենք»: