Չգիտեմ, կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունները աշխարհով մեկ, մեր երկրի տնտեսական զարգացմամբ մտահոգված անձանց ինչ-որ բան հուշու՞մ են, թե' ոչ:
Օրինակ, ես ավելի եմ վստահ դառնում այն թեզի մեջ, որ հզորանալու է այն պետությունը, որ հզոր բժշկություն կունենա: Աշխարհը մտել է զարգացման մի փուլ, երբ կյանքի միջին տևողությունը աշխարհում մեծանում է, մեծանում է նաև մարդկանց միջին եկամուտը' զուգահեռ նվազելով աշխարհի ծայրահեղ աղքատների և ընդհանրապես աղքատների թիվը:
Այս գլոբալ շարժերը առողջապահական ծառայությունների նկատմամբ շատ մեծ պահանջարկ են ստեղծում, ինչը համարժեք չէ առաջարկին, և նույնիսկ ԱՄՆ նման պետությունը ի զորու չէ սեփական երկրի պահանջարկը ամբողջովին ապահովել: Ստիպված են լինում օգտվել այլ պետությունների ծառայություններից և այստեղ օգնության են գալիս տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները' հաղթահարելու տարածության անհարմարությունը:
Այս ամենով հանդերձ աշխարհի կլիմայական փոփոխությունները, կուզեք անվանեք գլոբալ տաքացում կամ այլ անունով, դա էական չէ, ստեղծում են նոր միջավայր, որտեղ մարդը դառնում է ավելի խոցելի նախկինում անվտանգ վիրուսների, բակտերիաների և երևույթների կողմից: Սա է նաև ստեղծում այն վիճակը, որ բժշկական ու առողջապահական ոլորտը դառնում է տնտեսության մեջ մեծ կշիռ ու նշանակություն ունեցող:
Սրանք այն առաջնային ցուցիչներն են, որ հուշում են, որ այս հարյուրամյակը և հաջորդիվ, բժշկությունը մեծ, շատ մեծ պոտենցիալ, հեռանկար և պահանջարկ ունի: Իրական հզոր պետությունները ունենալու են հզոր բժշկություն: Չինաստանը արդեն իր մաշկի վրա սա զգում է: Չնայած նրան, որ աշխարհի արդյունաբերության 20 տոկոսի համար անհրաժեշտ տարբեր արտադրական մասերը (մասեր որոնք անհրաժեշտ են արտադրանքը վերջանական տեսքի բերելու) Չինաստանում են արտադրվում և այս երկիրը արդյունաբերական գիգանտ է, նրան ընդամենը մեկ վիրուս (ընդամենը, քանի որ ավելի լուրջ համաճարակների վտանգներ էլ կան), կարելի է ասել, ծնկի է բերել և վտանգում է նրա այս ձեռքբերումը և աշխարհում մեծ դերակատար լինելը:
Իզուր չէ, որ բժշկությունը մեծ տեմպերով զարգանում է Գերմանիայում: Սա այն պետությունն է, որ երկու համաշխարհային պատերարզմ է սկսել և երկու անգամ բառացիորեն զրոյից և ավերակներից հզոր պետություն կառուցել: Այստեղ միանշանակ հասկանում են, թե ինչն է տնտեսական հզորության հիմքը: ԱՄՆ-ը նույնպես մեծ պոտենցիալ ունի, սակայն նրանց խանգարում է ներկա առողջապահական համակարգի կառուցվածքը, որտեղ ապահովագրական ընկերությունները, կարելի է ասել, խանգարում են զարգացմանը:
Շատ երկար չգրեմ, ուզում էի մեկ անգամ ևս ասել (կորոնավիրուսի համաճարակ աղետի համատեքստում), որ բժշկությունը մեր պետության միակ, այո՛ միակ, իրական զարգացման հեռանկարն է: Չկա այլ ճյուղ, նույնիսկ ՏՏ-ն, որ մեզ այնչափ կարող է ուժեղացնել և աշխարհում դերակատար դարձնել, ինչպես բժշկությունը:
Այս ոլորտում իհարկե շատ մեծ ներդրումներ են պետք և այս հարցում արտոնությունները չեն օգնելու և պետությունը ինքը պետք է դառնա խաղացող, ներդրող և շարժիչ ուժ, ինչպես օրինակ Բելգիայում, որը նույնպես այս ոլորտը իր զարգացման առանցքում է պահում: Միաժամանակ, պետության կողմից ներդրումներ անելով կստեղծվի համարժեք միջավայր մասնավոր հատվածի ներգրավման համար. Վստահ եմ, ոլորտը այնպիսին է, որ աշխարհում շատ ֆինանսավորողներ ունի' հատկապես կրիտիկական պահերին: Օրինակ, հիմա որոշ միլիարդատերեր, այդ թվում Գեյթսը հայտարարել են 100 միլիոն գումար տրամադրելու մասին, ներառյալ այս վիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար:
Եվ եթե մի կարգին լաբ ունենայինք որտեղ պատվաստանյութերի (վակցինա) մշակմամբ կզբաղվեին, Գեյթս հիմնադրամից այս օրերին մի քանի միլիոն, եթե ոչ տասնյակ գումարներ կարող էին գալ:
Առայժմ այսքանը, սա այն թեման է, որ դեռ շատ առիթներ են լինելու սրա մասին խոսելու: Բայց խոսելուց զատ, հաղթողը սկսողներն ու անողներն են լինելու' Գերմանիա, Բելգիա, Իսրայել, ԱՄՆ և այլն: Խելացի գտնվենք այս ճանապարհը կբռնենք, եթե ոչ, կշարունակենք մնալ այլոց համար ռեսուրս պետություն, ոչ միայն հանքերի, այլ նաև մարդկային կապիտալի աղբյուր լինելու առումով:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: