Նիկոլն իր համար օրըստօրե խորացնում է «պողոսապետության» արմատները: Թե բա՝ 800,000 պորտաբույծ և անբան քաղաքացիներ, դուք նորից ՀՀ հպարտ քաղաքացիներ եք: Դուխո՜վ, հայեր ջան, դուխո՜վ:
Արդեն քանիցս փաստել եմ, որ ՀՀ-ում քաղաքական գոծընթացների բուն ասելիքը դուրս է պառլամենտի պատերից, և հիմնական իրական քաղաքական դիսկուրսն ու օրակարգային հարցերի քննարկումը տեղի է ունենում արտախորհրդարանական ուժերի գործունեության տիրույթում։ Խորհրդարանում գտնվող ուժերը չեն կարողանում ամբողջովին արտահայտել հանրության տեսակետները․ ընդդիմադիր խմբակցությունները գրեթե զրկված են ինքնուրույն գործելու հնարավորությունից, քանի որ իշխանությունը մի խմբի կարողանում է իրեն ենթարկել տարբեր տիպի կոմպրոմատների ու հստակ ճնշումների միջոցով, իսկ մի հատվածին ձեռքի թաշկինակի պես թափահարում է ցանկության դեպքում։ Ինչ վերաբերում է ԱԺ իշխանական խմբակցությանը, ապա այնտեղ մեծամասնությունը Նիկոլ են կամ ուղղակի նրա խամաճիկը, մարդիկ ակնհայտ չեն կարողանում սեփական տեսակետը հստակ արտահայտել, և հենց այդ պատճառով էլ հաճախ հայտնվում են ծիծաղելի իրավիճակներում։
Ներկա պահին որքան էլ իշխանությունները հայտարարեն, թե մտածում են հասարակության մասին, փորձում են ամեն ինչ անել բարեկեցիկ ու պատասխանատու հասարակություն ձևավորելու ուղղությամբ, փաստն այն է, որ Նիկոլն իր համար օրըստօրե խորացնում է «պողոսապետության» արմատները։ Յուրաքանչյուր իշխանության համար հեշտ է իշխել անիրազեկ և զոմբիացված հասարակությանը, հատկապես, երբ աստիճանաբար մարում է հեղափոխական էյֆորիան։ Այսօր իշխանությանը պետք է, որ հասարակությունը հնարավորինս լինի ամորֆ ու իներտ հոգեվիճակում, մտածելու և կարծիք արտահայտելու ունակ չլինի. հենց այսպիսի հասարակությունը չի կարող բուռն գործունեություն ծավալել, նրան ձեռնտու է ունենալ լճացած, կիսամեռ, չպայքարող հանրություն, որպեսզի հետագայում չընդվզի ու չբոյկոտի իշխանությունների կողմից իրականացվող տարբեր անօրինականությունների դեմ։
Տեղի ունեցող զարգացումներն այնքան աննախադեպ ու զավեշտալի են, որ հաճախ փորձում ես իրադարձություններին ժպիտով նայել։ Ներկայումս իշխանությանը հարկավոր է «ՈՉ» քարոզող քաղաքական ուժ, քանի որ դաշտում ակտիվ քաղաքական կուսակցություններն ու Նիկոլի հիմնական քննադատները, ինչպես հասկանալի է դառնում նրանց հռետորաբանությունից, փորձելու են արհամարհել այս գործընթացը կամ ուղղակի բոյկոտել այն։ «ՈՉ»-ի չգոյոթյունն այն աստիճան է կարևոր, որ արդեն որոշ շրջանակներ թեկնածուներ են շրջանառում, թե ովքեր կարող են կատարել այդ դերը, որպեսզի քարոզարշավը, ապա նաև ընտրությունների ողջ ընթացքն անցնի «լեգալ ու լեգիտիմ»։ Այնպես որ, առաջիկա օրերին ուժերը վերջնականապես կհստակեցնեն իրենց անելիքները և կհայտարարեն իրենց հետագա քայլերի մասին։ Չի բացառվում, որ «ՈՉ»-ի հարցը լինի բոլորի համար կարևոր, բայց ոչ ոք բացահայտ չստանձնի դրա առաջնորդումը։
Հ.Գ. Արտախորհրդարանական ուժերը դեռևս չեն ներկայացրել իրենց դիրքորոշումները, սակայն մի բան ակնհայտ է․ եթե ՀՀԿ-ն կամ, ասենք, ՀՅԴ-ն ստանձնեն «ՈՉ»-ի կուրացիան, իշխանությունների համար բավական հեշտ ու կոմֆորտ է լինելու քարոզել իրենց «Այո»-ն՝ բոլոր վեկտորներն ուղղելով նախկին իշխանությունների վերադարձի փաստի վրա։ Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին է։
Հ.Հ.Գ. Ցանկացած ժողովուրդ արժանի է այն իշխանությանը, որին ընտրել է։ Այս խոսքերի ճշմարտացիության մեջ համոզվելու համար պետք չէ լինել հանճար կամ պրոֆեսիոնալ քաղտեխնոլոգ: