
«Անցյալ անգամ Հայաստանում այնքան լավ էր, որ ես այստեղ ինձ զգում էի ինչպես տանը: Այդ իսկ պատճառով խոստացել էի վերադառնալ: Եւ ահա այստեղ եմ: Մշակույթն այստեղ այնքան տաք է, ինչպես իմ հայրենիքում: Երբ պատմեցի ընտանիքիս նախորդ համերգի մասին, հանդիսատեսի ջերմ արձագանքը չկարողացա հաղորդել: Այդ պատճառով այս անգամ քույրս ինձ հետ եկել է այստեղ, որ զգա այդ ամենը»: Այս մասին այսօր' ապրիլի 19-ին, Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց աշխարհահռչակ դաշնակահար Յաննին՝ ավելացնելով որ ապրիլի 20-ին եւ 21-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգներին հանդիսատեսին անակնկալ է սպասվում:
«Իմ երաժշտությունում կան տարբեր ազգերի էլեմենտներ: Դա գալիս է ճանապարհորդելուց, զանազան ազդեցություններից, նաեւ նրանից, թե ինչպես եմ: Ես պատրաստ եմ օգտագործել ցանկացած տիպի գործիք, եթե դրանք արտահայտում են մարդու զգացմունքները: Եւ երբ ես միացնում եմ տարբեր ոճեր, դա ներքուստ է», - նշեց Յաննին:
NEWS.am STYLE-ի հարցին, թե ինչ տարբերություն է հայերի եւ հույների մեջ, երաժիշտը պատասխանեց, որ երբ փոքր էր, իր հայրենի քաղաքում՝ Կալամատայում, լսում էր հայկական երաժշտություն. «Ընտանիքս շատ աղքատ էր, ունեի միայն մի փոքրիկ ռադիո, որը հայկական ալիքի էր միանում: Այդ պատճառով հայկական մշակույթին մանկուց եմ ծանոթ: Իսկ հայերի եւ հույների մեջ միայն նմանություններ եմ տեսնում, տարբերություններ գրեթե չկան: Նույնիսկ կասեմ, որ չեմ ուզում խոսել դրանց մասին»,- ժպիտով նշեց Յաննին:
Երաժիշտն անդրադարձավ նաեւ իր նախասիրություններին' նշելով, որ սիրում է ամեն ինչ, ինչ կապված է օվկիանոսի հետ՝ ջրասույզ լինել, նավարկություն, լող եւ այլն: Իսկ երազանքներ չունի, քանի որ կյանքի նկատմամբ հիմա ավելի համեստ պահանջներ ունի. «Միայն աշխատում եմ խաղաղության հաղորդագրություն տարածել մարդկանց: Հենց դա է իմ երազանքը»:
Տեքստը՝ Մարինա Ադուլյանի
Ֆոտո՝ Արսեն Սարգսյանի
Կից նյութն՝ այստեղ: