Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական դատարանի ճգնաժամի հեռանկարները և «հանրաքվեն» պարզ բան չէ:
Բոլորն էլ հասկանում են, որ հանրաքվեի միջոցով Սահմանադրական դատարանի հարցը լուծելու արդյունքը լինելու է իշխանության նկատմամբ հանրային վստահության հանրաքվե: Հասկանում են նաև, որ առաջիկա հնարավոր «վստահության» հանրաքվեն հիմնականում ցուցադրելու է ոչ թե իրական վստահութունը, այլ լինելու է ընտրություն ՀՀԿ-ական և «թավշյա» իշխանությունների միջև: Գործող իշխանությանը «կողմ» քվեարկությունը դեռևս ավելի շատ քվեարկություն է ՀՀԿ-ի դեմ:
Մի խնդիր է Սահմանադրական դատարանի խնդիրը հանրաքվեով լուծելու ճիշտ-սխալ, լավ-վատ լինելը, երկրորդ խնդիրն է՝ ինչ կորոշի Սահմանադրական դատարանը սրա մասին, երրորդ խնդիրն է՝ եթե դրվի հանրաքվեի՝ ինչ ընթացք և արդյունք կունենա և ինչ կնշանակի այդ ընթացքն ու արդյունքը:
Ճիշտ-սխալ, լավ-վատ լինելը թողնենք՝ սա այն է, ինչ որոշումը կայացնողները գտել են որպես ճգնաժամի լուծման միջոց:
Ի՞նչ կորոշի Սահմանադրական դատարանը՝ թողնե՞լ հանրաքվե անել, թե ոչ: Եթե դեմ որոշում կայացնի, ուրեմն վստահ է, որ ՀՀԿ-ի, այդ թվում իր՝ Սահմանադրական դատարանի նկատմամբ հասարակության վստահությունը շատ ցածր է, ինչն իսկապես օբյեկտիվ իրողություն է: Եթե կողմ որոշում կայացնի՝ կարող են ծրագրավորվել ընթացքի, արդյունքների և արդյունքները վիճարկելու վրա ազդելու միջոցներ: Օրինակ՝ աշխատել այնպես ազդել քվեարկության ընթացքի վրա, որ հանրաքվեի շուրջ «կեղծած է» աղմուկ բարձրաձնողների մի խումբ դիմի Սահմանադրական դատարան և ապացուցվի կամ «ապացուցվի» իրական կամ կեղծ կեղծվածություն/«կեղծվածություն», և արդյունքներն անվավեր ճանաչվեն: Այս տարբերակի դեպքում քվեարկության «կեղծված արդյունքների» մասին նոր պատմության ընթացքում կունենանք առաջին դատական որոշումը, անկախ նրանից՝ իսկապե՞ս կեղծված կլինեն արդյունքները, թե ոչ: Եվ կրկին կկանգնենք երկիրը ճգնաժամի տանող Սահմանադրական դատարանի կամ, առնվազն, Սահմանադրական դատարանի այդպիսի հանրային ընկալման փաստի առաջ: Համարյա բոլոր բռնություններով ու կեղծիքներով ընտրությունները իրավական ճանաչած Սահմանադրական դատարան և հանկարծ հանրաքվեի արդյունքները չճանաչող որոշու՞մ:
Բոլոր դեպքերում իշխանությունը պետք է ամեն հնարավոր բան անի հանրաքվեի ընթացքը կասկածի չենթարկելու համար: Բայց հնարավոր է՝ իշխանությունն իսկապես տագնապներ ունի հասարակության վստահությունն իր նկատմամբ զգալիորեն պակասելու հարցում և սխալվի՝ քարոզչությունից զատ փորձելով «մի փոքր» ազդել քվեարկության ընթացքի վրա: Հուսանք, որ չի փորձի: Բնականաբար տագնապներ ունի նաև ռևանշիստների փորձված մեթոդների նկատմամբ: Վերջ ի վերջո նրանք կարող են այնպիսի դեբոշներ սարքել քվերակության տեղամասերում, որ իսկապես ոստիկանական ուժերի կիրառման անհրաժեշտություն առաջացնեն: Եվ, իհարկե, ամեն ինչ կարվի հանրային մթնոլորտն ատելությամբ թանձրացնելու համար: Անկախ քվեարկության իրական արդյունքներից՝ սա անշուշտ կստվերի բուն հանրաքվեն և շատ դրականորեն կնպաստի հանրաքվեն անվավեր ճանաչելու հնարավորություններին:
Այս խճճված իրավիճակում գործող իշխանությունն իր նկատմամբ հանրային վստահության նվազումը կանխելու մեծ շանս ունի՝ թափանցիկ, օրինական և մաքուր հանրաքվեի կազմակերպումը: Դա հավատ կներշնչի նաև, որ գործող իշխանությունը ԿԱՐՈՂ է»: