ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ժողովրդավարության բաստիոնի» խայտառակ նվաճումները։
Վերջին 10 օրվա ընթացքում «Ժողովրդավարության բաստիոն» հռչակած մեր պետությունն ապտակն ապտակի հետևից է ստանում միջազգային հեղինակավոր կազմակերպություններից՝ ի շնորհիվ Փաշինյանի ռեժիմի հակաժողովրդավարական քաղաքականության։
Եվ այսպես։
■ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը, որի անդամ են աշխարհի 70 երկրներ ներկայացնող խոշոր կուսակցություններ, խիստ քննադատել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող ճնշումները։
■ ԵխԽվ համազեկուցողներն իրենց անհանգստությունն են հայտնում ՍԴ-ի դեմ իրականացվող լարվածության և ճնշումների առիթով։
■ Վենետիկի հանձնաժողովի նախագահը ուղղակի "դեղին" քարտ է ցույց տալիս ՀՀ իշխանություններին ու նշում,որ պետք է բացառել ճնշումները ՍԴ դատավորների վրա։
Եվ այսքանից հետո Փաշինյանի սազանդարները խոսում են ինչ որ ՍԴ ճգնաժամի մասին։
Պարոնայք,ճգնաժամը ձեր մեջ է,ձեր իշխանությունում և իհարկե՝ ձեր ուղեղներում։
Բավական է խաղալ պետության հեղինակության հետ։