Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում, գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Նա մասնավորապես ներկայացրել է գործողությունների հերթականությունը և նշել, որ ցանկանում է լսել իշխանության «հիմնավորումներն» առ այն, թե որքանով է այդ նախագիծը համապատասխանում ԵԽԽՎ վերջին հայտարարությանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
1.Քայլ առաջին՝ հնարավորինս կարճ ժամկետում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների կատարում ՝ նախատեսելով Ազգային ժողովի իրավասությունն առանց Սահմանադրական դատարանի համաձայնության իրականացնելու սահմանադրական փոփոխություններ՝ ի հակառակ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության։
2. Քայլ երկրորդ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններն ուժի մեջ մտնելու անմիջապես հետո սահմանադրական փոփոխությունների ընդունում՝ փոփոխելով Սահմանադրության 213-րդ հոդվածը և նախատեսելով նոր սահմանադրական դատարանի ստեղծում՝ ի հակառակ իրավունքի գերակայության սկզբունքի և այն հանգամանքի, որ Սահմանադրության «եզրափակիչ և անցումային» դրույթներում հնարավոր չէ իրականացնել փոփոխություններ։ Սրան զուգահեռ կկատարվեն փոփոխություններ մի շարք օրենսդրական ակտերում՝ նախատեսելով սահմանադրական դատարանի «հին դատավորների» սոցիալական երաշխիքները։
Հ.Գ. Կցանկանայի լսել քաղաքական իշխանության «հիմնավորումներն» առ այն, թե որքան է նշված «երկքայլային պարզունակ կոմբինացիան» համապատասխանում ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների վերջին հայտարարությանը»։