Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մերժել է Աջափնյակ վարչական շրջանում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը:

Այս մասին Մարությանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Հիմնվելով հանրային լսումների արդյունքների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության եզրակացության վրա՝ որոշել եմ մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը։ Երևանը պետք է կրկին կանաչ ու էկոլոգիապես անվտանգ միջավայր դառնա»,- գրել է Երևանի քաղաքապետը։

«Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ հունվարի 20-ին նախնական գնահատման հայտ էր ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ Աջափնյակ վարչական շրջանում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման համար:

Հաշվի առնելով հանրային քննարկմանը մասնակցած բնակիչների, բնապահպանների, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների կողմից բարձրացված բնապահպանական հարցադրումները և հանքի շահագործման վերաբերյալ նրանց բացասական դիրքորոշումը՝ աշխատակազմի բնապահպանության վարչությունը նախատեսվող գործունեության իրականացման համար չի տվել նախնական համաձայնություն: