Հրապարակախոս, Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ահա եւ փաստը:
Հրայր Թովմասյանը երբ նախարար էր, կառավարությունում որոշում են թարմացնել նախարարների ծառայողական մեքենաները՝ գնելով նոր, թանկ մեքենաներ: Նախարարներից միայն Հրայրն է դեմ դուրս գալիս այդ որոշմանը, ասելով, որ արդար չէ երկրի նման վիճակում այդքան մեծ փողեր ծախսել ծառայողական մեքենաների վրա և առաջարկում է յոլա գնալ եղած մեքենաներով ու այդ գումարով սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել, որպեսզի ժողովրդի վիճակը քիչ թե շատ բարվոքվի:
Կառավարությունում ասում են՝ եթե դեմ ես, այդ դեպքում դիմով գրիր, որ դու հրաժարվում ես նոր մեքենայից:
Հրայրը գրում է դիմումը, մյուս նախարարների համար առնում են թանկանոց մեքենա, իսկ ինքը շարունակում է երթևեկել հին մեքենայով:
Իսկ հիմա եկեք տեսնենք, թե վարչապետ Փաշինյանն ինչպիսի վերաբերմունք ունեցավ ծառայողական մեքենայի /մեքենաների/ հարցում»:
Հիշեցնենք, որ երեկ Կապանում իր ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը «2018 թվականից սկսած, մայիսից սկսած՝ սկզբից ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամասյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել վարչապետին»:
Ի պատասխան՝ Հրայր Թովմասյանը հորդորեց Փաշինյանին հրապարակել առնվազն մեկ արժանահավատ փաստ, որ ինքը 2018 թվականի մայիսից սկսած ինչ-որ եղանակով առաջարկել է իր «ծառայությունները»:
Փաշինյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ հենց հասնի Երևան այդ փաստը կհրապարակի, իսկ ավելի ուշ պարզվեց, որ մնալու է Կապանում: