Ինչքա՜ն հույզեր կային 2018-ի գարնանը Հայաստանի փողոցներում, բակերում, տներում։ Ինչքա՜ն մանկական պարզության հասնող ուրախություն, ինչքա՜ն սեր կար, ուժ ու կամք։ Կար գիտակցում, թե ամեն մարդ ինքն է տերը իր երկրի, մի անասելի հայրենասիրություն էր արթնացել բոլորի մոտ, նույնիսկ նրանց, ովքեր Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեին, և կար արքա, արքա, ով հին ու բարի հեքիաթների հերոսների նման կտրել էր դևի գլուխն ու բացել կենարար աղբյուրի ճանապարհը։ Այդ արքան ժողովրդինն էր, ժողովրդի մեջ էր, իսկ ժողովուրդը հաղթել էր կռիվն ու խրախճանքի մեջ էր։ Ցավոք, խրախճանքը երկար տևեց, ժողովուրդը գինովցած էր, իսկ արքան՝ հաշվենկատ...

Բայց ամեն հեքիաթ իր վերջն ունի, ու բոլոր հեքիաթներից հետո չէ, որ երկնքից 3 խնձոր է ընկնում։ Ցավոք, մեր հեքիաթի ավարտին հեքիաթագիրը ժողովրդին գտնում է հիասթափված, հաղթանակը կորցրած։ Ժողովուրդն այլևս տերը չէր իր երկրի, նրանից խլել էին տիրոջ իրավունքները, սակայն պարզ չէր, թե ով։ Գուցե այն արքան, որ սերն էր գողացել ժողովրդի, գուցե երկրից դուրս գտնվող ուժեր կամ գուցե արքայի դիմակի տակ թաքնված մեկ ուրիշ արքա... Ինչևէ։ Հեքիաթագիրն էլ էր տխուր, նա չէր ուզում գրել արքայի ստախոս լինելու մասին, նա չէր ուզում գրել իր կասկածների մասին, թե արքն վեր է ածվել պացենտի, չէ՞ որ ինքն էլ էր հավատացել արքայի խոստումներին, հույսեր կապել նրա հետ, բայց գրեց հանուն արդարության։

Հեքիաթ
Լինում է, չի լինում, մի նախկին լրագրող է լինում։ Այն երկիրը, որտեղ ապրում էր այդ լրագրողը, այդքան էլ բարեկեցիկ չէր, չկային բավարար աշխատատեղեր, աշխատավարձերն ու թոշակները ցածր էին, մարդիկ արտագաղթում էին, զինվորները՝ զոհվում։ Այդ նախկին լրագրողը շատ էր ուզում արքա դառնալ, հավաքեց ժողովրդին ու ասաց.

- Ձեր բոլոր նեղությունների պատճառն արքան է, նա չար է, դավաճան է, գող է, իսկ եթե ես դառնամ արքա, կհեշտացնեմ ձեր կյանքը. արագաչափերը կհանեմ, կարմիր գծերը կհանեմ, պարտադիր կուտակայինը կմերժեմ, ԵԱՏՄ-ից դուրս կբերեմ երկիրը, որովհետև Մոսկվան Ապրիլյան պատերազմը համաձայնեցրել է Բաքվի հետ, այլևս ոչ ոք դատավորներին չի զանգի, հոսանքի, գազի գինը կէժանացնեմ, ԱԱԾ-ն և ոստիկանությունը կդարձնեմ նախարարություններ, կբացահայտեմ Սաշիկի 50%-ները, թույլ չեմ տա, որ Ամուլսարը շահագործվի, այլևս քաղբանտարկյալներ չեն լինի, վերջ կտամ խնամի-ծանոթ-բարեկամի ինստիտուտին, և այսպես շարունակ։

Ժողովուրդն էլ՝ միամիտ ժողովուրդ, 10 չափելու տեղ մեկ չափեց ու կտրեց, արքային ասաց՝ գնա, նախկին լրագրողին ասաց՝ արի դարձիր մեզ արքա։ Նախկին լրագրողը դարձավ արքա ու փոխանակ կատարեր իր խոստումները, բռնեց ու սառեցրեց բանակի ռազմական ծախսերը, կրճատեց աշխատատեղերը՝ մարդկանց զրկելով օրվա հացից, փակեց մանկապարտեզներ, գիշերօթիկ դպրոցներ՝ երեխաներին ուղարկելով լավագույն դեպքում փողոց, վատագույն դեպքում՝ բանտ, վրեժխնդրությամբ լցվեց՝ մոռանալով նաև վենդետայի մասին խոստումը, ու նաև դրա արդյունքում ներդրումները կտրուկ պակասեցին։

Արցախի հարցում այդպես էլ չգտավ բանակցային գործընթացով խնդրի կարգավորման հայանպաստ տարբերակ, փոխարենը մեկ ասում էր. «Ես Արցախի անունից բանակցելու իրավունք չունեմ», մեկ էլ ասում էր. «Արցախի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդը ես եմ»։ Արդյունքում ստիպված էր բանակցել մեզ համար անընդունելի օրակարգի շուրջ։

Սեփական քմահաճույքով փակում էր դատարանների դռները՝ թույլ չտալով, որ իրականացվի արդարադատություն։ Ավելացրեց պետական պարտքերը։ Իր աներձագին ու եղբորորդուն դարձրեց պատգամավոր։ Իր սորոսական նազիր-վեզիրներն էլ մե՛կ մարիխուանա էին գովազդում, մե՛կ գարդասիլ, ծննդատներ էին փակում, քահանաների, լեզվի ու պատմության դեմ էին պայքարում։ Նազիր-վեզիրներից մեկն էլ, սպասվածի համաձայն, չկարողացավ դիմանալ Երևանի ավագանուց ԿԳՄՍ նախարար դառնալու թռիչքի բարդությանն ու չարժևորեց հայոց լեզուն, հայոց պատմությունը, մեր ազգայինը, օպերայի այն խայտառակ ներկայացումը ու «Մել» ֆիլմի ֆինանսավորումը քննադատողներին էլ անվանում էր հետադիմության առաջնորդներ առանց հասկանալու, որ իրականում հետադիմության առաջնորդն ինքն է, քանզի թռիչքաձև աճի փոխարեն 21-րդ դարի Հայաստանում ունենք դպրոցներ, որտեղ ջեռուցումն իրականացվոմ է փայտի վառարաններով, որտեղ գրատախտակներին գրելը մեծ ջանք է պահանջում։

Շատերը իրենց միլիոնների պարգևավճարներ էին տալիս, 10 մլն-ով ուզում են հարուստների երեխաներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։ ՍԴ դատավոր էին նշանակում, ով աշխատանքի չէր գնում, բայց 4 անգամ պարգևավճար ստացավ ժողովրդի հարկերի հաշվին։ Արքայի կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ մի կին էլ հայտարարում էր, թե ինքը ունի ադրբեջանցի լավ ընկերներ, հետո ասում էր, թե մենք նաև լեսբի ու տրանս կանայք ենք, ու այդպես շարունակ։ Այս ամենի արդյունքում էլ սերը դարձավ ատելություն, հանդուրժողականությունը՝ անհանդուրժողականություն․ վկան՝ Collup-ի 2019-ի համաշխարհային զեկույցը զայրույթի ու ատելության մասին, որտեղ Հայաստանը զբաղեցնում էր առաջին տեղը։

Եվ այս ամենից հետո ժողովուրդը սթափվեց, աչքերը լայն բացեց ու հիշեց, որ այս նախկին լրագրող արքան այն Լևոնի հետ էր, այն Լևոնի, ով ասում էր․ «Արցախը պետք ա տաք։ Տղա եք, մի տվեք»։ Հիշեց, որ 2008-ին գոռում էր՝ Մանվե՜լ, Մանվե՜լ, որ ժողովրդին հորդորում էր մոտը մահակներ ունենալ, որ հոգին փառավորվում էր, երբ ժողովուրդը, ոստիկանին ծեծելով, ոստիկանից մահակներ էր գողանում։ Այն խմբի մեջ էր, որ Սամվել Ալեքսանյանի խանութը թալանում ու լկտի ծիծաղում էր։

Հիշեց, փոշմանեց, գլխին վայ տվեց, բայց արդեն ուշ էր... Իսկ 3 խնձորները մնացին օդում, ու էլի ժողովուրդն է որոշողը՝ իր գլխին երեք խնձոր կընկնի, թե այլ բան։