Իրանահայ երգիչ Անդի Մադադյանը աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: Այս մասին Անդին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ կից հրապարակելով լուսանկարներ.

«Շնորհակալ եմ Հոլիվուդի առևտրաարդյունաբերական պալատին և Հոլիվուդի «Փառքի ծառուղուն» այս պատվի համար: Ես կփայփայեմ այն իմ ողջ կյանքի ընթացքում: Եվս մեկ անգամ Հոլիվուդը ցույց տվեց, որ համաշխարհային մարդասիրությունը կյանքում ամենակարևորն է և ստեղծողի աչքի առաջ մենք բոլորս նույնն ենք: Ինչ հիանալի օր էր ընկերների հետ, Հոլիվուդում»,- գրել  երգիչը:

Նշենք, որ Անդին առաջին իրանահայն է, որը աստղ է ստանում հոլիվուդյան «Փառքի ծառուղում»:

Համաշխարհային ճանաչում ունեցող 63 տարեկան երգիչը նշում է, որ պատրաստ է «նոր սկզբին». «Հուսով եմ, որ այս  աստղը մի շարք դռներ կբացի: Շատ բարդ է լինել իրանական ծագումով ամերիկացի, քանի որ ինչ ստեղծում եմ, իմ ժողովրդի համար եմ ստեղծում՝ իմ ամերիկացի ժողովրդի, իմ իրանցի ժողովրդի և իմ հայ ժողովրդի համար»,- ասել է երգիչը: