Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին գեներալներից մեկն օրերս հարցազրույց տվեց, որտեղ մի քանի սկանդալային հայտարարություններ արեց։ Ամենաուշագրավն այն է, որ 2005թ. Հայաստանի ԱԱԾ-ն առաջադրանք է ստացել սահուն կերպով նպաստել այն բանին, որ ՀՀ հաջորդ նախագահ դառնա Սերժ Սարգսյանը։ Ու նախկին ԱԱԾ-ականը ասեց նաև, որ այդ կառույցը օգտագործվել է Սերժ Սարգսյանի որոշ հավանական մրցակիցներին արգելափակելու համար։ Նորմալ, իրավական երկրում էս հայտարարությունը լուրջ քննության առարկա կդառնար։ Կաʹմ այդ գործընթացի մեջ ներքաշված ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները կպատժվեին, կաʹմ էլ նման հայտարարությունն անող պաշտոնյան կդատվեր զրպարտության համար։ Մեր իշխանությունները լուռ են, կարծես թե ոչ մի բան էլ չի եղել։ Բայց սա դասական պետության զավթում է։ Երբ իշխանության ֆավորիտ թեկնածուն պետական կարևորագույն ինստիտուտներից մեկն օգտագործել է իշխանությունը բռնազավթելու համար»։