ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է գործարար Խաչատուր Սուքիասյանի այն հայտարարությանը, թե՝ Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմ ում համար:
«Քիչ առաջ հնագույն օլիգարխներից մեկը /դե Նիկոլի օրոք արդեն խոշոր սեփականատեր է դարձել/ թերեւս որոշել է «հեղափոխությունից» հետո ինքն էլ հետ չմնալ ու քննադատել Սերժ Սարգսյանին՝ նշելով, թե վերջինս ոչ միայն վատ ղեկավար է, այլ նաեւ վատ ընկեր: Սերժ Սարգսյանի քաղաքական գործնեությանը բազմիցս անդրադարձել եմ, դեռ կանդրադառնամ: Այս պահին ընդամենը մի բան. ինչ-որ մեկի ընկեր լինելու մասին կարող են խոսել նրանք, ովքեր վերջինիս ընկերներն են: Հայտնի փաստ է, որ Սերժ Սարգսյանը թե մանկության, թե ուսանողական, թե մարտական եւ թե կուսակցական ընկերների հետ ընտանիքներով է ընկերություն անում՝ անկախ իր ընկերների սոցիալական դիրքից եւ գրպանի պարունակությունից, քաղաքական իրավիճակից: Թեեւ սույն անձը հեղափոխությունից առաջ պատմում էր, թե ինչպիսի բարիդրացիական հարաբերություններ ունի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բայց նա երբեւէ Սերժ Սարգսյանի ընկերը չի եղել: Ժողովուրդն ասում է՝ մի մտիր մատի ու մատանու արանքը: Օ Ժամանակներ, օ բարքեր»,- գրել է նա: