Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Բարև Երևան» խմբակցությունում մեր նախկին գործընկեր Գագիկ Բաղդասարյանն ինձ ուղղված բաց կոչ-գրառումով է հանդես եկել։ Անցած մեկ տարվա ընթացքում երբևիցե չեմ անդրադարձել իրեն, որքան էլ Ռ․ Քոչարյանի ճամբար անցնելը մեծագույն շոկ էր բոլորիս համար։ Շոկ էր, որովհետև 2008-ի մարտի 1-ից հետո, երբ նա արդեն շփվում էր «Ժառանգություն» խմբակցության ու կուսակցության հետ, որևէ մեկիս մոտ կասկածի տեղիք չէր թողնում, որ նա կիսում է անցած տասնամյակներում երկրի կոռուպցիոն կառավարման, թալանի, անպատիժ մնացած հանցագործությունների, Հոկտեմբերի 27-ի ոճրագործության, Մարտի 1-ի ու, մասնավորապես, դրա թիվ մեկ պատասխանատու Ռ․ Քոչարյանի (ով, փաստացի, նախագահի ու ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնն էր զբաղեցնում) հետ կապված մեր գնահատականները։

Գագիկը քիչ ներդրում չունեցավ նախկին իշխանությունների դեմ «Ժառանգության» մղած պայքարում՝ տարբեր կամպանիաներում թեʹ իր ֆինանսական ներդրման, թեʹ քաղաքական ու այլ առումներով։ Թերևս, տեսնելով երկրում իշխանափոխության իր ու որոշ այլ ընկերների շահագրգռությունն ու գիտակցելով, որ 2013-ից «Ժառանգությունն» այլևս գնում է անկման ու փլուզման ճանապարհով ու կուսակցությունից հեռանալը միայն ինձանով չի սահմանափակվելու, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության իմ նախկին գործընկերներից նրան, Անահիտ Բախշյանին ու Դավիթ Սանասարյանին առաջարկեցի դառնալ նորաստեղծ ՄԱՀՀԻ-ի հոգաբարձուների խորհրդում, որպեսզի կարողանանք մնալ քաղաքականության մեջ՝ արդեն այլ գործիքակազմով։

«Դժբախտաբար, մարգարեական կանխատեսումներս իրականություն դարձան՝ «Ժառանգությունից» հեռացան նաև նրանք՝ 2016-ի տարեվերջին Անահիտ Բախշյանը, հետո՝ Դավիթ Սանասարյանը, ապա՝ Գագիկ Բաղդասարյանը, ում և Անահիտ Բախշյանի հետ միասին ընդունեցինք խորհրդարանական ընտրություններում մասնակցելու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջարկությունը (Դավիթ Սանասարյանն այդ ընտրությունների ժամանակ գտնվում էր ԱՄՆ-ում)։ Ես` ինքս, մերժեցի «Ելքի» առաջարկությունը, որպեսզի բոլորս կրկին միասին լինենք, մեկ թիմում, թեպետ գիտակցում էի, որ «Ազատ դեմոկրատների» շանսերն ավելի քիչ են, իսկ «Ելք»-ինը՝ շատ ավելի երաշխավորված։ Ընտրություններում չհաղթելուց հետո Գագիկն անգամ ինձ մեղադրում էր, թե ինչու չգնացի/ինք «Ելք»՝ Նիկոլ Փաշինյանի հետ միասին լինելու․․․ Հետագայում, Դավիթը հեղափոխության մեջ իր անուրանալի ներդրման շնորհիվ գնաց «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցություն ու պետական ծառայության, Գագիկը հեղափոխության շրջանում էլ ակտիվ մասնակցեց, բայց առաջինն ականատես եղանք նրա ու Դավիթ Սանասարյանի բաժանմանը․․․ Ըստ լուրերի՝ պատճառն ամենևին գաղափարական չէր, այլ այն, որ Գագիկ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանից չէր ստացել ակնկալած պաշտոնները․․․ Ինստիտուտում մնացինք ես ու իմ Անահիտ Բախշյանը, դեհ, քրոջս Սեդա Սաֆարյանի մասին չասեմ, ով ՄԱՀՀԻ հիմնադրման պահից նրանց բոլորի հետ հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն է․․․ Ցավալի էր տեսնել Գագիկի այսպիսի կերպարանափոխությունը, որը նախկինում կապում էինք միայն պաշտոնի համար Նիկոլ Փաշինյանից նեղվածության հետ, սակայն այժմ կարծես թե ավելի լուրջ բան կա, որի մասին կամ նախկինում չենք իմացել, կամ ուղղակի վերջին ամիսներին մեծ փողն իրենն արել է․․․

Որքան էլ տարբեր հանգամանքների բերումով հայտնված լինեինք տարբեր ճամբարներում, մենք հեղափոխության կողքին, ինքը՝ հակահեղափոխականների կողքին, երևի թե կշրջանցեի իր այդ ցավալի ընտրությունը, եթե Ռ․ Քոչարյանի դատի մեկնարկի օրը, երբ քրոջս ուղեկցելու ու բռնության ենթարկված Վարդգես Գասպարին զորակցելու նպատակով դատարանի մոտ չտեսնեի, թե ինչպես են նրա նոր, իսկ միգուցե՝ հին «ընկերները» հարձակվում Վարդգես Գասպարիի, ապա իմ և քրոջս վրա, իսկ ինքը գլուխը շրջում ու չտեսնելու է տալիս, ասես թե՝ չի ճանաչում ու չի կարող սանձել մի քանի անդաստիարակ լածիրակի։ Բայց սա էլ մանրունք էր նրա հանդեպ, ինչ արձանագրեցի սեպտեմբերի 6-ից՝ իմ վրա կատարված ավազակային հարձակումից հետո․․․ Քանի որ թե՛ իմ անձնական, թե՛ վարձված մասնավոր դետեկտիվի միջոցով բավական արագ բացահայտվեց կատարողների ու պատվիրատուների շրջանակը, մահացու էր տեսնել, որ հետագա բոլոր օրերին Գագիկ Բաղդասարյանը կանգնած է հենց այդ հանցագործների կողքին․․․ իմ վրա հարձակվածների, իմ հեռախոսը հափշտակածների կողքին։ Մտովի չէի ուզում հավատալ, որ նա կարող էր այդ կազմակերպված բանդայի հետ առնչություններ ունենալ, թեպետ մի ներքին ձայն ասում էր, որ տան տեղն ու լիքն այլ մանրամասներ կարող էր հուշած լինել մեկը, ով այդ տանը եղել է, աղուհաց է կիսել․․․․ Երևի թե այս կասկածիս մասին չբարձրաձայնեի, եթե աշխատակիցս այս հոկտեմբերի 29-ին տեսած և ֆիքսած չլիներ, որ ՄԱՀՀԻ-ի քննարկումից հետո մեր տարածք ներխուժած «5-րդ ալիք» և «Լայֆնյուզ» քարոզչամիջոցներին ուղեկցել է Գագիկ Բաղդասարյանը, ով իր ավտոմեքենայով կայանած է եղել Շրջանային անցումի մոտակայքում․․․

Այսքանը պատահական չգրեցի, որ վերջում դիմեմ Գագիկին․ իր անսկզբունքային ու անկայուն բնույթն իմանալով կյանքում իրենից շատ այլ բաներ կսպասեի, բայց ոչ նրան, որ ինքն այսպես քանիցս կարմիր գծեր կհատի․․․ Անգամ չեմ զարմանում, որ իր սեփական քաղաքական «տեսակետներն» այսպես 180 աստիճանով փոխելուց հետո կփորձի պարտադրել, որ մենք էլ փոխենք մերը։ Բայց որ այսպես բացահայտ կկանգնի ու իր պաշտպանության տակ կառնի կազմակերպված բանդային, ով նաև իմ վրա հարձակման փաստով է վաղ թե ուշ հայտնվելու ճաղավանդակներից այն կողմ, սա երևակայությունիցս վեր էր։ Ու վերջինը` Գագիկ, դու անգիր գիտես, որ ես գիտեմ նաև քո գրագիտության չափը, ու որ այս տեքստի հեղինակն էլ դու չես․ դու այսքան նախադասության մեջ ահռելի տառասխալ ես անում, գիտես։ Քեզ մի դարձրա գործիք ու այն աստիճան, որ արդեն քո տեքստերն էլ այլոք գրեն։ Իսկ հասարակության ու իմ ժողովրդի մեջ շրջելու խնդիր ես ոʹչ անցյալում եմ ունեցել, ոʹչ էլ ապագայում եմ ունենալու։ Դու դա էլ գիտես։ Ու գիտես, թե ինչո՞ւ. ես երբեք իմ ժողովրդի շահերին ու օրինավոր ցանկություններին դեմ չեմ գնում, ինչի համար էլ համատարած զորակցություն, աջակցություն ու սեր եմ վայելում։ Այ, դու մտածիր, թե ինչպես ես քեզ փրկելու, եթե հանկարծ պարզվի, որ իմ վրա կատարված հարձակմանն առնչություն ունեցած լինես կամ առնվազն տեղյակ։ Ճիշտ ես՝ կա քարերը հավաքելու ժամանակը, ու կա՝ քարերը նետելունը։

Խնդրանք և պահանջ` ոչ մի անձնական վիրավորանք»։