Եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, վերածվում ամբոխի ու դառնում դատարկ պոպուլիստի գերի, ուրեմն կա հիվանդություն։
Հեղափոխությունը հիվանդության հետևանք է ու իր հերթին դառնում է նոր հիվանդությունների պատճառ։
Ոմանք պնդում են, որ ունենք հիվանդ հանրային միջավայր, բայց զարմանում, որ ունենք բառիս բուն և փոխաբերական իմաստով հիվանդ իշխանություն։
Ինչպիսին միջավայրն է, այնպիսին էլ առաջնորդն է։ Իր հերթին առաջնորդը ծնում կամ խորացնում է հիվանդությունը։ Ստանում ենք արատավոր շրջան։
Որպեսզի առողջ միջավայր ստեղծվի, անհրաժեշտ է առողջ առաջնորդություն։ Բայց քանի դեռ հիվանդ է միջավայրը, դժվար է առողջ առաջնորդություն ունենալ։
«Ի՞նչ անել» հավերժ արդիական հարցի պատասխանն այն է, որ պետք է ձևավորել կոնտրաստների դաշտ։ Աշխատել հետևողականորեն ու լինել սառնասիրտ։
Պոպուլիզմին ոչ թե պետք է հակադրել գերպոպուլիզմը, այլ ռացիոնալիզմը և նոր որակի առաջնորդությունը։ Անհրաժեշտության դեպքում պոպուլիստին կարելի է ջարդել իր իսկ տարածքում, բայց դա չպետք է լինի գործունեության ռազմավարություն, այլ զուտ մարտավարական հնարք։
Պոպուլիզմին գերպոպուլիզմ հակադրելը նույնն է ինչ հիմարությանը գերհիմարություն հակադրես։
Կարճաժամկետում պոպուլիզմն աշխատող գործիք է, բայց միջնաժամկետում ու առավելևս երկարաժամկետում՝ ոչ։
Կոնտրաստը պետք է երևա ամեն հարցում։ Սկսած խոսքի կուլտուրայից մինչև գիտելիքներ, հարաբերությունների ձևական կողմից մինչև քաղաքական իմիջ, անցած ճանապարհից մինչև ապագայի տեսլական։