ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը. «Իրեն իրավապաշտպան համարող Մարինա Պողոսյանն այսօր հերթական էժանագին ինքնաներկայացման սեանսն է անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության առջև՝ հերթական անգամ հանդես գալով անհեթեթ հայտարարություններով, որտեղ իրեն թույլ է տվել ՀՀ գլխավոր դատախազի հասցեին պրոֆեսիոնալին, առավել ևս իրավապաշտպանին անհարիր, անպարկեշտ արտահայտություններ:
Նման ժարգոնախառը ինքնադրսևորումը տվյալ անձի պարագայում բացարձակ օրինաչափ երևույթ լինելու պատճառով մեր կողմից հարկ չի համարվել և համարվում դրանց արձագանքելը, թեև մշտապես ակնկալել ենք, որ որպես իրավապաշտպան հանդես եկող անձը, գոնե ինքը դրանց ներքո ՀՀ գլխավոր դատախազին վերագրվող հայտարարությունների կապակցությամբ կդիմեր իրավապահ մարմիններին:
Սակայն հաշվի առնելով, որ վերջինս, ցավալիորեն, կամ չի տիրապետում հանցագործության մասին հաղորդում տալու ընթացակարգերին, կամ համապատասխան մարմիններին դիմելու փոխարեն նախընտրում է նման աղաղակումներով փողոցում իր համար փոքրիկ շոուներ կազմակերպելը, ՀՀ դատախազությունն ինքն է նախաձեռնություն ցուցաբերում:
Մասնավորապես՝ այսօր դատախազության առջև նրա կողմից արված հայտարարությունների մասին տեսագրությունը և ԶԼՄ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով:
Հուսանք՝ նաև կպարզվի, թե ովքեր են հանդես գալիս խորհրդատուների կամ մարիոնետավարների դերում»: