ԱՄՆ-ի և նրա մերձավորարևելյան դաշնակիցների կողմից, կարծես, գործարկվել է հակաիրանական մարտավարության հերթական հաջորդ ծրագիրը: Ավելի քան 1,5 տարի շարունակվող ֆինանսատնտեսական պատժամիջոցները, նավթի վաճառքի ամբողջական սահմանափակման փորձը, ըստ էության, չկարողացան տնտեսապես «ծնկի բերել» Իսլամական հանրապետությանը: Իրանը, նաև օգտվելով Վաշինգթոնի տարածաշրջանային դաշնակիցների ունեցած տարաբնույթ խնդիրներից, ցայժմ կարողացել է զսպել տնտեսական լրջագույն խնդիրների առավել վտանգավոր հետևանքները իր հասարակության շրջանում:
Մինչդեռ նոյեմբերի 15-ից բենզինի գների՝ 50%-ով թանկացման որոշումը հանգեցրեց զանգվածային տարաբնույթ բողոքի գործողությունների Իրանի մի շարք քաղաքներում, որոնց ընթացքում գրանցվել են նաև բախումներ, զոհեր։ Ներիրանական զարգացումներում ակնհայտ է նաև արտաքին ուժերի կողմից տարբեր մակարդակներում հրահրումներ' քարոզչականից միջև հատուկ ծառայությունների գործունեություն։
Բացի վերոնշյալից, նաև հաշվի առնելով «հակաիրանական դավադրության» հիմնական մասնակիցների կողմից սահմանված «հոգեբանական ժամկետի» մոտենալը(ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրությունները)՝ վերջիններն ամեն կերպ աջակցում, նպաստում կամ հրահրում են Թեհրանի ազդեցության գոտի հանդիսացող երկրներում ներքին դրության ապակայունացման գործընթացներին:
Մասնավորապես, հոկտեմբերի 2-րդ կեսից Իրաքում և Լիբանանում տեղի են ունենում ժողովրդական բողոքի զանգվածային գործողություններ, որոնք ակնհայտորեն միտված են նաև Իրանի ազդեցության սահմանափակմանը. հատկապես Իրաքի որոշ շրջաններում անգամ բացահայտ հակաիրանական բնույթ են կրում:
Սիրիայում զարգացումների ցանկացած սցենարի դեպքում ԱՄՆ-ն խոստացել է պահպանել ներկայությունը Հորդանանի և Իրաքի սահմանի մերձակայքում տեղակայված և Բաղդադ-Դամասկոս M2 մայրուղին վերահսկող ռազմավարական նշանակության ալ-Թանֆ ռազմաբազայից:
Եմենի հիմնախնդրի շրջանակներում տևական հակամարտությունից հետո նոյեմբերի 6-ին Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի միջնորդությամբ բարդագույն բանակցություններից հետո հաշտություն է հաստատվել սուննիական ճամբարի 2 ներկայացուցիչների՝ միջաջազգայնորեն ճանաչված կառավարության և «Հարավային անցումային խորհրդի միջև». նպատակն է ամբողջ ուժերը կենտրոնացնել Թեհրանի հովանավորյալ հութիների «Անսար Ալլահ» խմբավորման դեմ:
Ավելին, հիմնականում շիա արաբներով բնակեցված Իրանի հարավ-արևմտյան Խուժաստան նահանգի վարչական կենտրոն Ախվազ քաղաքում հոկտեմբերի 4-ին զանգվածային բողոքի գործողություններ էին տեղի ունեցել՝ ի աջակցություն Իրաքի և ընդդեմ Իրանի ազդեցության:
Վերոնշյալի համատեքստում, կարծես, ակնհայտ է, որ նաև որոշ արտաքին դերակատարների կողմից ինչպես Իրանի ներսում իրավիճակի վատթարացման, այնպես էլ մերձավորարևելյան մի քանի կարևոր արաբական երկրներում լարվածության հրահրման ընդգծված մարտավարություն է իրականացվում, որի առանցքային նպատակն ԻԻՀ վարչակարգի և նրա ազդեցության թուլացումն է, նրա համար հավելյալ ռազմավարական բնույթի խնդիրների ստեղծումը' նպատակ ունենալով վերջնականապես ցնցել մերձավորարևելյան այդ գերտերությունում իշխող կրոնական վարչակարգը: