Վարչապետը կարծում է, որ մենք' հայերս, կովկասցիներ ենք, վարչապետը սխալվում է
Հայերը բազմաթիվ ընդհանրություններ ունեն առաջավորասիական ժողովուրդների հետ, բազմաթիվ ընդհանրություններ ունեն պարսիկների, հույների, միջերկրականի ավազանի ժողովուրդների, ինչպես նաև անատոլիական ժողովուրդների հետ: Բայց շատ դժվար է հայերի ու կովկասցիների' օրինակ վայնախների, աբխազների կամ ադիգեյների հետ ընդհանրություն գտնել' սոցիալ-մշակութային հարցերից մինչև հավատք ու կենցաղ: Ռուսաստանյան կայսրության և խորհրդային շրջանի ընդհանրությունը փաստարկ չէ, որովհետև նույն ընդհանրությունը կա ասենք' բելառուսների և ուզբեկների հետ:
Ես չեմ մեղադրում Նիկոլ Փաշինյանին, որ նա տեղյակ չէ' հայերը կովկասցիներ չեն: Ես ուղղակի փաստում եմ' ինքնության խնդիր կա, շատ լուրջ խնդիր կա: Եթե երկրի ղեկավարը չի տիրապետում այս ֆունդամենտալ հարցին, ապա պետք է փաստել' բանը բանից անցել է: Եվ հենց դա է պատճառը, որ կրթական ռեֆորմի անհրաժեշտություն կա, կիսագրագիտության վերացման խիստ անհրաժեշտություն կա: Հենց դա է պատճառը, որ հայկական ինքնության հենասյուներին' հայոց լեզվին ու Հայ Առաքելական Եկեղեցուն չի կարելի մատների արանքով նայել: Չի կարելի այս ֆունդամենտալ հարցերին աչքաչափով մոտենալ: Ուղղակի չի կարելի: