25-ամյա Աննան երկրորդ երեխայի ծնունդից հետո որոշեց, որ այլևս չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ և երրորդ երեխային էլ ունենալ, քանի որ ընտանիքում այդ պահին միայն ամուսինն էր աշխատում: Խոստովավում է ' ընտանիքի սոցիալական պայմանները թերևս վատ չեն, բայց երեխա պահելը, այսպես ասած, «շատ թանկ հաճույք» է: Այդ իսկ պատճառով միակ որոշումը դա ապահովագրվելն էր, որ բնությունը նմանօրինակ անակնկալ դեռևս չի մատուցի ու նա դարձյալ չի հղիանա: Ամուսնու տարբերակները սահմանափակվում էին պահպանակով, բայց ի վերջո երիտասարդ կինը կանգ առավ հակաբեղմնավորիչներ օգտագործելու տարբերակի վրա:
Ի՞նչ է կարծում սկեսուր-մայրիկը…
Աննան ասում է, որ հակաբեղմնավորիչների կիրառումը բավականին հարմար է, քանի որ ազատում է լուրջ գլխացավանքից ու թույլ տալիս վայելել երազած ազատությունը: Իր տարբերակում դա ազատել է նրան ոչ միայն անցանկալի հղիության վաղից, այլև մաշկային որոշ խնդիրներից, որոնք տարիներ շարունակ հետապնդում էին Աննային: Սակայն այսքանով հակաբեղմնավորիչների օգտագործման դրական միտումները, կոնկրետ իր պարագայում, ավարտվում են.
«Գինեկոլոգի մոտ կոնսուլտացիայի գնացել էինք սկեսրոջս հետ ու հենց կաբինետում առաջին սկանդալը' ոչ մի քիմիա: Սկեսուրս ասաց, որ թե ստացվի, ավելի լավ է աբորտ անեմ, ոնց որ ինքն է ժամանակին արել, քան թե քիմիա ընդունի… շատ եմ լացել այդ բառերից հետո»,-պատմեց Աննան: Տանը սկանդալը շարունակվել է, սակայն բարեբախտաբար ամուսինը ընտրությունը թողել է կնոջը' ասելով, թե կանացի խնդիրներին չի պատրաստվում խառնվել ու չի ցանկանում լսել աբորտի հավանականության մասին խոսակցություններ' եթե հղիանա, ուրեմն կծննդաբերի:
Արդյունքում Աննան, որոշակի հետազոտություններից հետո գինեկոլոգի ցուցումով սկսեց ընդունել «Диане 35» հակաբեղմնավորիչը:
Մի քանի ամիս անց խնդիրը նոր ալիք բարձրացրեց. սկեսուրը լսել էր, որ ծանոթներից մեկի մոտ կրծքում ինչ-որ գոյացություն են հայտնաբերել ու թեև անալիզները ցույց էին տվել, որ այն ամենևին էլ չարորակ չէ' այդուհանդերձ կնոջը վիրահատություն էր սպասվում: Մասնագետները որպես գոյացության պատճառ մատնանշել էին նաև հակաբեղմնավորիչների կիրառումը, ինչը խուճապ էր առաջացրել. արդյունքում Աննան վերջ դրեց դրանց կիրառմանը, իսկ երկու ամիս անց հայտնաբերեց, որ հղի է…
Ի՞նչ են վկայում թվերը…
Հակաբեղմնավորիչներ կիրառել-չկիրառելու հարցը մեր հասարակությունում դրված է բավականին սուր: Հետևելով այն վիճակագրությանը, որ առկա է պաշտոնական մակարդակում աբորտների թվի հետ կապված հասկանալի է դառնում, որ անցանկալի հղիությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ կնոջ առողջության և կյանքին: Այդ դեպքում ինչո՞ւ չպաշտպանվել ժամանակակից մեթոդներով, որոնցից մեկը հենց հակաբեղմնավորիչների կիրառումն է:
Այս հարցի պատասխանը դեռևս ամիսներ առաջ բարձրաձայնվել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Ինչո՞վ է պայմանավորված բեղմնականխման ժամանակակից միջոցների օգտագործումը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում, համաձայն որի' Հայաստանում կանանց մեծ մասը անցանկալի հղիությունից շարունակում է պաշտպանվել ավանդական միջոցներով, իսկ հակաբեղմնավորիչներ օգտագործում է նրանց միայն 20 տոկոսը:
Այս թիվը, ըստ զեկույցի, բացատրվում էր մի շարք հանգամանքներով և մասնավորապես նրանով, որ կանայք վախենում են, որ հակաբեղմնավորիչները գիրություն ու մազակալում են առաջացնում, նպաստում են դաշտանի ցիկլի խանգարմանը: Իսկ ամենակարևորը, զեկույցում գտանք նաև այն, ինչը բերել էր մեր հերոսուհու երրորդ, ինչ-ինչ պայմաններից ելնելով անցանկալի հղիության. Զեկույցի հեղինակները մատնանշել են, որ Հայաստանում ասեկոսների մակարդակով բավական տարածված է այն կարծիքը, թե հակաբեղմնավորիչների օգտագործումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել ավելի վատ հետևանքների, օրինակ քաղցկեղի:
Իսկ զեկույցի վերջում բերված էին բավականին մտահոգիչ ցուցանիշներ աբորտների մասով. «Երբևէ աբորտի դիմած կանանց գրեթե 2/3-ն' 47 տոկոսն իրենց կյանքում ունեցել է մեկից ավելի աբորտ: Կանանց 5 տոկոսն ունեցել է 6 կամ ավելի աբորտ»:
Ի՞նչ են ասում մասնագետները…
«Ռաֆայել» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ
Տաթևիկ Ղոռուխչյանը ասաց, որ հակաբեղմնավորիչների կիրառումը կարող է գոյացությունների պատճառ հանդիսանալ, բայց համարել, որ առաջնային հենց դրանց մեղքն է' ճիշտ չէ: Նույնիսկ հակառակը' հակաբեղմնավորիչները բուժող էֆեկտ ունեն և եթե դրանք ճիշտ են ընտրված, հասցեական են, ապա դրանց կիրառմամբ կարելի է կանխարգելել զարգացող հիվանդությունը.
«Բայց խնդիրը նրանում է, որ գուցե կնոջ մոտ խնդրի նախանշաններ են եղել և հակաբեղմնավորիչների կիրառումը սկսել է առանց մասնագետի ցուցումի, ինչը Հայաստանում աջ ու ձախ հանդիպում է: Այսինքն' եթե կինը սխալ է օգտագործում հակաբեղմնավորիչները' և կոնկրետ ընտրված հակաբեղմնավորիչը, և օգտագործման ձևը նկատի ունեմ, ապա այդ դեպքում շատ հնարավոր է «արթնացնել» բացասական այն գործընթացը, որ կնոջ օրգանիզմում առկա է»,- նշեց տիկին Ղոռուխչյանը:
Ժամանակակից հակաբեղմնավորիչները, շարունակեց նա, համարվում են հենց այդպիսիք' կանխարգելող: Այսինքն գրագետ կիրառումը կարող է կնոջ մոտ կանխել անգամ քաղցկեղային դրսևորումները: Եվ սա, ընդգծեց նա, նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներն են: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ժամանակակից հակաբեղմնավորիչները հասնում են հայ սպառողին և առկա են մեր շուկայում, Տաթևիկ Ղոռուխչյանը նշեց.
«Այո, հայաստանյան շուկայում դրանք առկա են, պարզապես պետք է ճիշտ ընտրել»,- ու պարզաբանեց, որ ժամանակակից հակաբեղմնավորիչները եռաֆազ են: Հարկ է հաշվի առնել (և սա արդեն մասնագետի գործառույթն է) կնոջ օրգանիզմի առանձնահատկությունները.
«Կան, օրինակ, այնպիսի հակաբեղմնավորիչներ, որոնք կանխարգելում են միոման, թույլ չեն տալիս, որպեսզի այն մեծանա և կան այնպիսինները, որ կարող են, հակառակը, արագացնել գործընթացը: Բացի այս, անհրաժեշտ է հաշվի առնել այլ գործոններ ևս: Մասնավորապես ես, եթե կինը չծննդաբերած է, միանշանակ խորհուրդ չեմ տալիս հակաբեղմնավորիչ օգտագործել, իսկ ծննդաբերած կանանց ' միայն 3-6 ամիս ժամկետով, որից հետո 6 ամիս ընդմիջում, որպեսզի օրգանիզմը վերականգնվի»,- թվարկեց նա:
Վերջում Տ.Ղոռուխչյանը ասաց, որ այն, ինչ կապված է հորմոնների հետ, պետք է լինի առավել խիստ հսկողության տակ, քանի որ հակաբեղմնավորիչները անընդհատ անօվուլյար ցիկլերի են հանգեցնում, ինչը չի կարող անհետևանք մնալ: Այս պարագայում բժշկի ցուցումն ու հսկողությունն էլ հնարավորինս կերաշխավորեն տհաճ հետևանքներից:
Լիա Խոջոյան