Քանի դեռ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ողջունելի ընդունումը մեզ վերջնականապես գլխապտույտի մեջ չի գցել' ասե՛մ:
Շեղվում ե՛ք, հարգելի «սևեր», և շեղվում ե՛ք, համաձայն հարգելի «սպիտակների» ծրագրավորած շեղման պլանի: Երկիրը մտնում է 2020թ.-ի պետական բյուջեի քննարկման ժամանակահատված, որտեղ «տնտեսական հեղափոխություն» խոստացող «սպիտակները»' նույն ինքը հեղափոխականները, պլանավորել են'ուշադրություն «պահպանողական կանխատեսմամբ բյուջե»:
Այս մոտեցման հիմքում մակրոտնտեսական կայունության սկզբունքն է, որը նախկին իշխանության տնտեսական քաղաքականության հիմքն էր և տնտեսական փիլիսոփայությունը: Կարծում եմ, նաև նրանց իշխանության պոտենցիալի սպառման խորքային և դեռևս չվերլուծված պատճառներից մեկը:
Հարգելի՛ «սպիտակներ», դուք ֆանտաստիկ արագությամբ որդեգրել և նույնիսկ «թյունինգի» եք ենթարկել բոլոր այն համակարգային խոտանները, որոնք առկա էին «սևերի» համակարգում: Ինչը ձեր պարագայում կանխատեսելի էր դեռ շատ վաղուց: Դու՛ք ոչ միայն գաղափարապես և մասնագիտական պոտենցիալով նորի ունակ և պատրաստ չեք, այլ նաև կարծում եք, որ հնի խոտանները վերացնելով նույն «հինը» կդառնա առողջ «նոր»: Մինչդեռ ոչ միայն հին փիլիսոփայությունը և մոտեցումները չեն վերանում, այլ դրանց ավելանում են նաև դեֆորմացված և լեգիտիմությունից արբած, քաղաքական և հատկապես իրավական անբռնազբոս վարքի էլեմենտներ:
Ձեր քաղաքական «իդեա ֆիքսերով», «իրավական էկստրեմիզմով», նոր քաղաքական «հերոսներով» և նրանց առաջ դրված կասկածելի միսիաներով, փորձում եք շեղել ուշադրությունը կարևոր խնդիներից: Հասկանու՛մ եմ «ֆեյքակրատիան» այլևս սկսել է սպառել իրեն և էֆեկտը թուլացել է: Հասկանու՛մ եմ, որ մտածել եք նոր ազդեցության ֆորմուլաներ և թույլ տվեք ասել շատ կասկածելի քաղաքական «խաղավարներով»: Պարզ է նաև, որ այդ «խաղավարներին» վերապահված է անցյալի մեջ հարձակման նոր ռեսուրս գտնելու և այն շահարկելու առաքելությունը: Սակայն շեղե՛ք նրանց, ովքեր շեղվում են, մի՛ նկատեք նրանց, ովքեր դեռ լուռ ենթադրություններ են անում:
Շուտով ձեր իշխանության անխուսափելի և խորը բյուրոկրատացման և նիհիլիզմի փուլ եք մտնելու: Ամեն ինչ այս քաղաքական վարքաբանության պարագայում դեռ առջևում է: Շատ քչերն են շուտով ձեզ համեմատելու «նախկինների» հետ, ժամանակը հոսում է և շատ շատերն են ձեզ համեմատում հենց ձեր հեղափոխական սկզբնական կերպարի և բնույթի հետ: Ձեր «ազդեցության ֆորմուլաները» և դրանց «խաղավարները» կորցնելու են իրենց էֆեկտը դեռ գործը չսկսած: Ճիշտ այնպես ինչպես ֆեյքակրատիան: Իսկ նոր ազդեցության ռացիոնալ ֆորմուլաներ ոչ ոք ձեզ չի առաջարկելու, այն պարզ պատճառով, որ վստահելի գործընկեր չեք, իսկ դուք էլ ունակ չեք գեներացնել դրանք: Մնացածը շիրմա է և ուրիշ ոչինչ, իսկ շիրմայի կարևորագույն ցուցիչը տնտեսական հեղափոխություն ներկայացված բլեֆն է, որը իրականության մեջ ունի տրամագծորեն հակառակ «պահպանողական» բնույթ: Շեշտում եմ «հեղափոխականը» ունի «պահպանողական» բնույթ, իսկ դրանք իրարամերժ երևույթներ են:
P.S. Պատկերավոր ասած. «Մեզ հավաստիացնում են, որ խոհանոցում պատրատում են մեր ամենասիրած և երկար սպասված համեղ ուտեստը: Հավաստիացումների ազդեցությունից մենք նույնիսկ զգում ենք դրա բույրը, սակայն իրականում խոհանոցում պատրաստվում է ամենասովորական և արդեն հոգնեցրած ամենօրյա ճաշը: Քանի դեռ այն մեզ չի մատուցվել մենք դեռ բույրի թվացյալ զգացողությամբ շարունակում ենք սպասել»: