Երեկվանից փորձում եմ հասկանալ, թե վերջին անգամ որտեղ, երբ ու ում է իշխանության յուրացման ծանր մեղադրանք առաջադրվել, ինչպես Արա Բաբլոյանին ու Արսեն Բաբայանին: Մեր երկրում սա, կարծեք, աննախադեպ է. արդեն գրվել է:
Պարզվում է' նման մեղադրանք չի առաջադրվել անգամ Պինոչետին, Սադամին ու Պոլ Պոտին: Զարմանալի է, բայց նման մեղադրանք չի առաջադրվել անգամ սովետական մեծ տեռորի ու մեծ զտման տարիներին Յագոդայի, Յեժովի, Բերիայի ու Վիշինսկու կողմից: Նրանց մտքի առավելագույն թռիչքը «արևմտյան հետախուզությունների հետ համագործակցությունն ու իմպերիալիզմի գործակալ լինելն էր», «ընկեր Ստալինի ու սովետական առաջնորդների ֆիզիկական ոչնչացման ծրագրավորումը», «կապիտալիզմի վերականգնումը», «ահաբեկչական կազմավորումների ստեղծումը», «գաղտնի համագործակցությունը տրոցկիստների հետ» և այլն:
Ի միջի այլոց, Արթուր Դավթյանի և Սասուն Խաչատրյանի նկարչության ֆոնին, տեղին է հիշեցնել, որ մեծ տեռորի այդ ողջ ընթացքում հիմնական մեղադրողի դերում անփոփոխ հանդես էր գալիս ՍՍՀՄ գլխավոր դատախազ ընկեր Վիշինսկին: Նա այդ տարիներին սիրում էր փակ շրջանակներում կրկնել. «Մենք պետք է հիշենք ընկեր Ստալինի հանձնարարությունները, որ հասարակության կյանքում լինում են այնպիսի պահեր ու փուլեր, երբ օրենքները պետք է մի կողմ դնել»:
Դա այդ նույն Վիշինսկին էր, որը հեղափոխութունից հինգ պակաս' 1917 թ. սեպտեմբերին, դեռևս մենշևիկ էր ու որպես միլիցիայի կոմիսար, Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցների սյուներին ինքնամոռաց փակցնում էր «պետական հանցագործ Ուլյանով-Լենինի ձերբակալության մասին» ժամանակավոր կառավարության արդարադատության նախարար Մալյանտովիչի հրամանը:
Ահա այդ ճակատագրական «ստորագրությունն» էր, որ Վիշինսկին ժամանակին դրել էր հեղափոխության առաջնորդ Լենինի ձերբակալության որոշման տակ, ինչից քաջատեղյակ էր նաև Ստալինը և ամենակարող НКВД-ն: Այդ «ստորագրությունն» էր, որ մահակի նման կախված էր իր գլխավերևում ու գտնվում էր Ստալինի ձեռքում... Ու Վիշինսկին ինքնամոռաց անում էր այն, ինչ թելադրում էր «հեղափոխության հաղթանակը», իսկ իրականում' Ստալինի միանձնյա կամքը, ամեն օր սպասելով, որ «Պրավդա»-ն կարող է և հրապարակել Լենինի ձերբակալության տակ իր դրած ստորագրության պատմությունը, ու ինքը նույն օրը գլխավոր մեղադրողից կհյատնվի «հակահեղափոխականների» շարքերում:
Հ.Գ. Միջազգային հարթակներում սովորական է դարձել ադրբեջանցի պատգամավորներից լսել մի արտահայտություն, որն այնքան ծիծաղելի է, որ երբեմն անգամ հրապարակային պատասխան չի պահանջում' оккупанты: Հիմա Բաբլոյանինն ու Արսենինն է' узурпаторы...