ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին.
«Պատասխան «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին
Հարգելի Հայկուհի Խաչատրյան
Ներողություն եմ խնդրում անձամբ Ձեզնից և հավատացնում եմ՝ իբրև մարդ և հայր, նաև ինձ համար նուրբ ու ցավոտ այս խնդրի շուրջ հրապարակայնորեն արտահայտվելու համար: Սակայն բարոյական ու էթիկական ներքին կապանքները դժվարությամբ մի կողմ դնելու վեհերոտ համոզմունքս արմատացավ՝ պայմանավորված Ձեր կողմից խնդրի շուրջ պարբերաբար հրապարակայնորեն արտահայտվելու և այդ համատեքստում ՀՀ դատախազությանը և անձամբ ՀՀ գլխավոր դատախազին ի սկզբանե հանիավի հասցեագրված մեղադրանքները չդադարեցնելու իրողությամբ:
Ուստի կրկին ներողություն խնդրելով Ձեզ տանջող մայրական ցավին դիպչելու համար, թույլ տվեք այնուամենայնիվ, ինչպես Ձեզ, այնպես էլ հանրության համար որոշ պարզաբանումներ ներկայացնել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում երեխայի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ ընթացող գործընթացների և Ձեր կողմից բարձրացվող հարցերի կապակցությամբ:Նախ՝ անհրաժեշտ եմ համարում իրազեկել, որ դեպքի կապակցությամբ նյութերի նախապատրաստման գործընթացն սկսվել է 2019թ. սեպտեմբերի 26-ին «Shamshyan.com» լրատվական կայքում «Արմենիա» բժշկական կենտրոնում 24.09.2019թ մահացել է նորածին երեխա» վերտառությամբ հոդվածի հրապարակումից անմիջապես հետո: Չնայած Ձեզնից և Ձեր ամուսնուց հաղորդում ստանալու ուղղությամբ նախաձեռնության ցուցաբերմանը, դա հնարավոր է եղել իրականացնել միայն 29.09.2019թ.՝ մինչ այդ ձեր կողմից բերված՝ սթրեսային վիճակում լինելու հասկանալի պատճառաբանությամբ պայմանավորված: Ձեր կողմից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ 24.09.2019թ. 39 շաբաթական հղիությամբ բուժօգնության եք դիմել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ բժշկուհի Ռ. Ք.-ի և մանկաբարձուհի Ա. Մ.-ի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նույն օրը պտուղը մահացել է:
Եվ նույն օրը՝ սեպտեմբերի 29-ին, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի հանձնարարությամբ պտղի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և սկսվել նախաքննություն: Այսինքն նյութերի նախապատրաստումն սկսելուց առաջ արդեն իսկ, ըստ քրեական գործի նյութերի, պտղի դին այրված է եղել:
Իրականացվող քննության շրջանակներում «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ից վերցվել են ծննդալուծումից հետո, հոկտեմբերի 25-ին պտղի հերձման արդյունքում ստացված օրգանների հատվածներ, որոնք ուղարկվել են ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոն՝ դատաբժշկական փորձաքննության: Բացի այդ, հոկտեմբերի 1-ին, 5-ին նշանակվել են դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ, իսկ հոկտեմբերի 7-ին՝ նաև դատագենետիկական փորձաքննություն, որոնք ևս հանձնարարվել են ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ին: Դրանց արդյունքները դեռևս նախաքննության մարմնին չեն տրվել:Նախաքննության ընթացքում Դուք ճանաչվել եք որպես տուժող, բացի Ձեզնից, հարցաքննվել են նաև Ձեր ամուսինը, նշված ՓԲԸ-ի տնօրեն Ռ. Ա.-ն, նույն բուժհաստատության բժշկուհի Ռ. Ք.-ն, մանկաբարձուհի Ա. Մ.-ն և այլոք։
Քրեական գործի նախաքննության հիմնական խնդիրներից մեկը, անկասկած, ծննդալուծումից հետո պտղի հետ կապված հետագա հանգամանքների լիարժեք պարզումն է: Այդ նպատակով համապատասխան հարցում է ուղարկվել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենին: Ի պատասխան ստացված գրությամբ տեղեկացվել է, որ ծննդալուծումից հետո սեպտեմբերի 25-ին մեռելածին պտղի հերձումն իրականացվել է «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի ախտաբանաանատոմիական բաժանմունքում ըստ նորածնի կամ մեռելածնի դիակի հերձման ուղեգրի: Ըստ ՀՀ կառավարության 23.08.2012 թ. թիվ 1082-Ն որոշման՝ շուրջծննդյան մահվան դեպքերում պարտադիր պետք է հերձումը կատարվի 12 ժամվա ընթացքում: Ստացված գրությամբ տեղեկացվել է նաև, որ սեպտեմբերի 25-ին դիահերձումը կատարելուց հետո հետազոտման, ինչպես նաև արխիվացման նպատակով վերցվել են տարբեր օրգաններից հատվածներ, իսկ դիահերձումից հետո մնացած մասերը, առաջնորդվելով ՀՀ առողջապահության նախարարի 09.03.2008 թ-ի թիվ 03-Ն հրամանով, ուղարկել են հրկիզման՝ այդ գործընթացն իրականացնող համապատասխան ՍՊԸ:Սակայն նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով, ի թիվս այլնի, ստուգվում են նշված ամբողջական գործընթացը բուժհաստատության պատասխանատու աշխատակիցների կողմից ՀՀ կառավարության համապատասխան որոշումներին, ՀՀ առողջապահության նախարարի հրամաններին համապատասխան իրականացնելու, դրանցով սահմանված պահանջները և պայմանները պահպանելու, այդ թվում՝ ծննդալուծման հետ կապված՝ պերինատալ և մանկական մահացության դեպքերի հաշվառման ու գրանցման ընթացակարգի, բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջների պահպանումը, այդ ընթացակարգերի խախտում թույլ տված անձանց շրջանակը՝ վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով։ Նախաքննության ընթացքում մի շարք հարցեր, այդ թվում նաև կապված մահացած նորածնի կամ մեռելածնի դիակի, բժշկական թափոնների վերաբերյալ, պարզելու նպատակով ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները։
Նախաքննության ընթացքում առաջ են քաշվել բոլոր հնարավոր վարկածները, որոնց լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգման ուղղություններով կատարվում է քննություն։Հավատացնում եմ Ձեզ՝ ՀՀ դատախազությունը, նույնքան շահագրգիռ է դեպքի լիարժեք բացահայտման հարցում՝ պատասխանատվության անխուսափելությունն ապահովելու, հետագայում նմանատիպ իրավիճակների կրկնությունը բացառելու նպատակով: Այդ պատճառով դատախազական ներգործության գործիքակազմի ամբողջական կիրառմամբ, հետամուտ ենք լինելու տվյալ դեպքի լիարժեք բացահայտմանը, բուժհաստատության պատասխանատու անձնանց ու անձնակազմի գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալուն: Քննության ընթացքում ձեռք բերվող ապացույցներից կախված՝ բացառելի չէ նաև հանցակազմի վերաորակումը:
Մտնելով Ձեր և ձեր ընտանիքի դրության մեջ, կիսելով հանդերձ Ձեզ հետ կորստի ցավը՝ դատախազությունը, իրավապահ մարմինները չեն կարող և չպետք է առաջնորդվեն էմոցիաներով՝ ունենալով միայն մեկ խնդիր. պարզել իրականությունը, ձեռք բերել բավարար ապացույցներ և դրանց լիարժեքության կամ բավարարության պայմաններում ապահովել հանցագործություն կատարած անձի կամ անձանց համաչափ պատիժը:
Ուստի ըմբռնումով մոտենալով Ձեզ մտատանջող հարցերի պատասխանն օր առաջ ստանալու սպասումներին՝ խնդրում եմ Ձեզ թույլ չտալ երրորդ-չորրորդական շրջանակներին քրեական դատավարության ընթացակարգերը և գլխավոր դատախազի գործառույթներն ուղղակի խեղաթյուրելու միջոցով այս ցավոտ խնդիրը ծառայեցնել իրենց նեղ անձնական, խմբային շահերին և որոշակի հանրային տրամադրություններ գեներացնել: Համոզված եմ՝ լիարժեք իրացնելով տուժողի դատավարական կարգավիճակից բխող Ձեր իրավունքները՝ կնպաստեք գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը՝ խնդիրը պահելով իրավական հարթության մեջ:
Գործի քննության ողջ ընթացքում ՀՀ դատախազությունը մշտապես պատրաստակամ է Ձեզ ընդունել, լսել Ձեր դիրքորոշումը, պարզաբանումներ ներկայացնել ցանկացած հարցով և ապահովել Ձեր դատավարական իրավուքնների անշեղ իրացումը:
Ամենայն հարգանքով ու վշտակցությամբ՝
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան»: