Ուրեմն՝ հանրությանը հուզող երկու թեմա, որի առիթով Փաշինյանի կառավարությունը չունի պատասխան։
Թեմա առաջին. նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը ԳԱՂՏՆԻ բարձրացրել են։ Այդ մասին գրել է «Հետք»-ը։ Բարձրացրել են ոչ թե հիմա, այլ մի քանի ամիս առաջ։ Սա այն դեպքում, երբ խոստացել էին գործել թափանցիկ, արդար ու հաշվետու։
Թեմա երկրորդ. Ադրբեջանն իր 2020-ի ռազմական բյուջեն բարձրացնում է 20 տոկոսով, Հայաստանը՝ 0.8 տոկոսով։ Սա արդեն կարդացել եմ ամենուր։ Խնդիրը նույն ծախսերը չեն, այլ համարժեքության պահպանումն է տնտեսական աճի ու բյուջեի ծախսային մասին։
Ու այս հարցերը քողարկելու համար ի՞նչ է անում իշխանությունը։ Ճիշտ է, ձերբակալում է Արսեն Բաբայանին։ Առանց որևէ հիմքի, որովհետև իրավական տեսանկյունից, եթե նույնիսկ Արսենի մեղավորությունը դատարանով ապացուցվի, նրան էլի չեն կարող կալանավորել։
Իսկ ինչի՞ էր պետք Արսենին կալանավորել։ Որ բոլորս էդ խայտառակության մասին խոսենք ու մոռանանք նախորդ երկու խայտառակությունները։ Էդքան բան։ Ու դե ձեռի հետ էլ, որ իրավապահ-ռեպրեսիվ համակարգը իրեն վատ չզգա, ակտիվիստներով ու ֆեյքերով դնել շրջանառության մեջ շատ սովորական թեզ. «Իսկ ինչի Արսենը սո՞ւրբ է»։ Իհարկե, դա ռացիոնալ փաստարկների դեմ թույլ է, բայց կարելի է բոլոր հանրագրերի տակ էնքան դա լցնել, որ թույլ չտալ որևէ բանական զրույց։ Այդ ընթացքում էլ ամեն կերպ ու ամեն գնով լռեցնել աշխատավարձերի գաղտնի ու ռազմական բյուջեի անհամաչափ բարձրացման թեմաները։