08:38
Օսմանյան արքունիքում եղբայրասպանությունն օրինականացվել է դեռեւս 1478 թ

ԷՍՊԻՍԻ ԲԱՆ

Օսմանյան արքունիքում եղբայրասպանությունն օրինականացվել է դեռեւս 1478 թ.՝ Մեհմեդ Բ Նվաճողի (1451-1481) հրապարակած հետեւյալ օրենքով. «Իմ որդիներից նա, ով գահ բարձրանա, իրավունք ունի սպանել իր եղբայրներին, որպեսզի կարգուկանոն լինի արքունիքում ու երկրում»: Ինքը՝ խիստ զգուշավոր սուլթանը, չկարողացավ խույս տալ դավադրությունից եւ մահացավ թույնից:

 

Սելիմ Ահեղը (1512– 1520 թթ.) գահին տիրացել է՝ սպանելով հորը, երեք եղբայրներին ու տասը ազգականներին: Նրա որդին՝ Սուլեյման Ա-ն, կնոջ խորհրդով հրամայել է սպանել իր անդրանիկ որդուն՝ Մուստաֆային: Վրանում թաքնված սուլթանը սառնասրտորեն հետեւել է, թե ինչպես են դահիճները խեղդամահ անում որդուն։

Սուլեյման Ա-ի թոռան՝ Մուրադ Գ-ի (1574-1595 թթ.) զոհերի թիվն անցնում է մի քանի տասնյակը: Դրանց թվում էին հարազատ եղբայրներն ու մերձավոր ազգականները:

Մուրադ Գ-ի որդի Մեհմեդ Գ-ն (1595-1603 թթ.), դավադրությամբ նստելով գահին, սպանել է իր 19 եղբայրներին, հրամայել Բոսֆորի ջրերում խեղդել հոր հղի հարճերին, որպեսզի նրանք ախոյաններ չծնեն իր համար: Ինչպես վկայում է նրա ժամանակակից սըր Ջոն Սանդերսոնը, Մեհմեդ Գ-ն ուներ 81 զավակ, որոնք ամնասն չեն մնացել միմյանց հոշոտելու նախնյաց ավանդույթից:

Մեհմեդ Գ-ի ավագ որդի եւ գահաժառանգ Ահմեդ Ա-ն, որը սուլթան է դարձել 15 եւ մահացել 30 տարեկանում, հարեմում պահում էր հազար հարճ՝ գլխավորապես եւրոպացի աղջիկներ: Նրանք ապրում էին մահապարտների նման, բռնության ու սարսափի պայմաներում:

Ստամբուլում է գտնվում Յոթաշտարականոց ամրոցը՝ Եդի կուլեն, ուր անհետ կորել են բազմաթիվ սուլթաններ, գահաժառանգներ եւ նրանց մերձավորները: Այստեղ մահապատժի են ենթարկվել նաեւ օտարերկրյա դեսպաններ: Բակում գտնվող ջրհորը կոչվել է «կարմիր», «արյունալի», քանի որ այնտեղ էին նետում զոհերի կտրված գլուխները:

Բազմաթիվ ոճիրների վայր է եղել նաեւ Թոփքափը պալատը, ուր հատուկ զնդաններում տանջամահ են արվել սուլթանների «հնարավոր» ախոյանները: Յուրաքանչյուր վայրկյան արքունիքում ապրող հազարավոր մարդկանց կյանքը կախված է եղել ամենօրյա պալատական խարդավանքներից: Խաղաղությունն այնտեղ երբեք չի հյուրընկալվել:

ՀԳ – Օսմանյան 36 սուլթաններից 15-ը հեռացվել են իշխանությունից: Նրանցից 9-ը սպանվել են:

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս