Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ ուրախ եմ Ryanair-ի հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ: Այսուհետ բազմաթիվ մարդիկ, որոնք երբևէ ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել, կարող են մեկնել Եվրոպա շատ մատչելի գներով: Նշեմ, որ այս արդյունքին մենք հասանք մի տարուց էլ քիչ ժամանակում, ինչը ավիացիայի ոլորտում ինքնին աննկարագրելի հաջողություն է: Չնայած շատերը չէին հավատում, որ մեզ մոտ կստացվի, բայց մենք ունեցանք այս նվաճումը և մեզ մոտ ստացվեց դա օր ու գիշեր պայքարելով, օր ու գիշեր աշխատելով:
Շնորհակալություն եմ հայտնում այս հաջողությանը նպաստած բոլոր անձանց ու կառույցներին: Բայց հատկապես ցանկանում եմ առանձնացնել փոխվարչապետ Tigran Avinyan / Տիգրան Ավինյան դերը, առանց որի անվերապահ աջակցության հաջողության չէինք հասնի: Նա այս գործընթացի ամբողջ ընթացքում ժամանակ է ինձ տրամադրել և լսել բոլոր խնդիրները, և համատեղ արագ ու արդյունավետ աշխատանքի արդյունքում գտել ենք սպառիչ լուծումներ:
Ժամանակին իմ Դանիայից Հայաստան հայրենադարձվելու հիմնական նպատակներից մեկն էր Հայաստանը աշխարհի հետ առավել կապված տեսնելը, և այսօր մենք շատ կարևոր քայլ ենք կատարում այս ուղղությամբ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ryanair իռլանդական ավիաընկերությունը, որն ամենամեծ ուղևորափոխադրողներից է, 2020թ․ կսկսի չվերթներ իրականացնել Հայաստանից։