02:26
100 տարի անց Արարքցյանը կհիշվի որպես Հայաստանի խորհրդարանի հերթական նախագահներից մեկը, իսկ Բալասանյանի անունը ոսկե տառերով կգրվի հայ ժողովրդի «պատմության մատյանում»

Ներկայացնում ենք Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան գրառումները.

«Վիտալի Բալասանյանի համար շատ մեծ պատիվ կլինի, որ ես անդրադառնամ իր հայտարարություններին»,- փոխանցեց Բաբկեն Արարքցյանը… https://www.aravot.am/2019/10/16/1072418/

Իսկ այժմ համեմատական կենսագրականներ https://hy.wikipedia.org/wiki/-ից.

Բաբկեն Գուրգենի Արարքցյան (սեպտեմբերի 16, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, պետական գործիչ, ՀՀ ԳԽ (1991-1995), ԱԺ (1995-1998) նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1972), դոցենտ (1977)։

Կենսագրություն

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխմաթ ֆակուլտետը (1966)։ 1977-1990 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում, 1986 թվականից՝ հաշվողական մաթեմատիկայի մեթոդների կիրառումը բնական գիտությունների ամբիոնի վարիչ։ Ղարաբաղյան շարժման Հայաստանյան կոմիտեի (1988, մայիս) և ՀՀՇ հիմնադիր-անդամ (1989 թվականի նոյեմբերից 2000 թվականի դեկտեմբերը՝ ՀՀՇ վարչության անդամ)։ 1988 թվականի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ ձերբակալվել է և 6 ամիս Մոսկվայում պահվել նախնական կալանքի։ 1990 թվականի մայիսին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր, օգոստոսին՝ ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ, այնուհետև՝ նախագահ։ 1998 թվականի փետրվարի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական խմբի հետ հրաժարական է տվել։ 1999 թվականից՝ Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման «Արմատ» կենտրոնի հիմնադիր-ղեկավար[1]:

Վիտալի Միխայիլի Բալասանյան (մարտի 5, 1959, Ասկերան, ԼՂԻՄ, ԱԽՍՀ), ռազմական, պետական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար[1][2], «Արցախի հերոս»։

Կենսագրություն

Ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ասկերան ավանում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է ծննդավայրում։ 1977-1979 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1990 թվականին ավարտել է Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումը, 2011 թվականին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականին՝ որպես Ասկերանի շրջանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկության տաղավարի վարիչ, ապա՝ արտադրության պետ-փոխտնօրեն։ Այստեղ աշխատել է մինչև 1990 թվական։ 1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։ 1991 թվականին ընտրվել է Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992 թվականի օգոստոսին նշանակվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թվականներին՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999 թվականներին՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, 1999 թվականի սեպտեմբերից՝ Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ։

 

2000 թվականի մարտին Վիտալի Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2000-2005 թվականներին եղել է «Արցախի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ։ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Հանդիսացել է Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Պատգամավորական գործունեությունն իրականացրել է «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության կազմում։ 2007-2010 թվականներին եղել է Արցախի նախագահի խորհրդական։

2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։ Դարձել է Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և «Դաշնակցություն» խմբակցության անդամ։ 2012 թ. Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու համար հեռացվել է «Դաշնակցություն» խմբակցությունից և դարձել անկախ պատգամավոր։ 2011 թվականից «Հավատք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ, երեք թոռ։

***

«Վիտալի Բալասանյանի համար շատ մեծ պատիվ կլինի, որ ես անդրադառնամ իր հայտարարություններին»,- փոխանցեց Բաբկեն Արարքցյանը… (https://www.aravot.am/2019/10/16/1072418/):

100 տարի անց Արարքցյանը կհիշվի որպես Հայաստանի խորհրդարանի հերթական նախագահներից մեկը, իսկ Բալասանյանի անունը՝ որպես Արցախյան հաղթական ազատամարտի Հերոսի, ոսկե տառերով կգրվի հայ ժողովրդի «պատմության մատյանում»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս