19:47
Հովհաննես Ավետիսյան. «Առանց մարդուն ուժեղացնելու մենք ապահով և բարեկեցիկ հանրություն չենք կարողանալու ստեղծել, հետևաբար` երկիր չենք կարողանալու զարգացնել»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.

«Քաղցկեղի մասին մի հոդվածի վրա եմ աշխատում (հավանաբար երկուշաբթի կամ երեքշաբթի Հետքում կհրապարակվի): Լիքը թվեր ենք հավաքել/ստացել, որ հետաքրքիր տրենդներ են ցույց տալիս:

 

Մինչ էս թվերը մշակում էի, մի քանի միտք եկավ, որ ուզում եմ բարձրաձայնել ու կարծիքներ իմանալ:
Ուրեմն, վերջին տաս տարում միջինում 8,000 մարդ երկրում առաջին անգամ ախտորոշվել է քաղցկեղով: Այս մարդկանցից շատերը գիտենք գնում են բուժում ստանալու արտերկրում: Եթե համարենք, որ գնացողների թիվը չի անցնում նոր ախտորոշվածների 20%-ը (ես հակված եմ հավատալու, որ այս թիվը ավելի մեծ է, բայց սրա մասին վիճակագրություն չկա), ապա շուրջ 1,600 մարդ ամեն տարի բուժում է փնտրում արտերկրում: Գիտենք, որ միջինում նման բուժումների մեկ կուրսը 50,000 ԱՄՆ դոլարի շրջանում է: Ստացվում է, որ ամեն տարի միայն այս մասով երկրից շուրջ 80 միլիոն ԱՄՆ դոլար գումար դուրս է գնում:

Մի ուրիշ միտք էլ:

2018-ի վերջում քաղցկեղով հիվանդների թիվը կազմել է շուրջ 44,000 մարդ: Գիտենք, որ եթե նույնիսկ բուժումը կազմակերպվում է Հայաստանում, ապա դեղորայքը արտասահմանից է ու գիտենք նաև, որ որակյալը շատ թանկ է: Մոտավոր, միջինում կարծում եմ մեկ բուժման կուրսի դեղերի վրա ծախսվում է շուրջ 10 միլիոն դրամ (սա շուրջ 20,700 ԱՄՆ դոլար է): Սա որ բազմապատկենք 44,000 հոգու կստացվի 910 միլիոն ԱՄՆ դոլար:
Այսինքն, եթե 2018 վերջում երկրում առկա քաղցկեղով հիվանդների համար որակյալ դեղեր բերենք արտերկրից, ապա տնտեսությունից շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլար պետք է դուրս գա:
Սա կազմում է նախորդ տարվա գրանցված ՀՆԱ շուրջ 8 %-ը:

Կրկին ասեմ, որ սա գրում եմ կարծիքների փոխանակման և քննարկում անելու նպատակով: Իմ կարծիքով սա այնքան կարևոր խնդիր է, որ նույնիսկ չեմ վարանի ու կասեմ, որ ազգային անվտանգության հարց է: Եվ նաև այս խնդիրները լուծելով է, որ պետք է տնտեսությունը կայուն զարգացման ճանապարհին կանգնեցնել, այլ տարբերակ չեմ տեսնում:
հ.գ.
Հոդվածը կարդացեք մյուս շաբաթվա սկիզբ Հետքում: Կարծում եմ հետաքրքիր է լինելու, հատկապես երբ հանքերի պատմությունն էլ փորձելու եմ համադրել:
հ.հ.գ.
Ինձ համար այս և սոցիալական մնացյալ խնդիրները այնքան կարևոր են, որ սրանք երկրի գոյության ռիսկ եմ համարում, քանի որ սա, նաև անորակ կրթությունը, գումարած վատ սոցիալական ծառայությունները երկրից արտագաղթի հիմնական պատճառներն են իմ համոզմամբ:
Այս խնդիրները լուծելու համար է, որ հետզհետե քաղաքականություն եմ գնում: Ես հավատում եմ, որ առանց մարդուն ուժեղացնելու մենք ապահով և բարեկեցիկ հանրություն չենք կարողանալու ստեղծել, հետևաբար` երկիր չենք կարողանալու զարգացնել»:


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս