Նախկին վարչապետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վտանգված են ժողովրդավարության փխրուն ձեռքբերումները:
Վրդովմունք և տագնապ՝ ահա այն զգացողությունը, որը համակում է մեր երկրի ժողովրդավարական ապագայով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու՝ «Հայելի» մամուլի ակումբի և նրա ղեկավարի՝ Անժելա Թովմասյանի հանդեպ, իրավամբ, աննախադեպ ոտնձգության և բիրտ ճնշման կապակցությամբ:
Վրդովմունք, քանի որ արարքն ինքնին ստոր է և անբարտավան:
Տագնապ, որովհետև գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ մեզանում վտանված են ոչ միայն վերջին տարիների ժողովրդավարական փխրուն ձեռքբերումները, այլև ժողովրդավարության ապագան՝ ընդհանրապես:
Այս միջադեպը ուղղակի սպառնալիք է քաղաքական այլակարծությանը և խոսքի ազատությանը:
Առանց խորանալու այս վանդալիզմի դրսևորման պատճառներում (ակնհայտ է, որ այդ ստոր արարքը հետևանք է մեզանում առկա հանրային դրսևորումների) առանց սխալվելու հավանականության կարելի է պնդել, որ այն ապտակ է սիրո և հանդուրժողականության ոչ բռնի ժողովրդական հեղափոխությանը:
Նույնիսկ ամենավառ եևակայության պարագայում դժվար է ենթադրել, որ այդ խուլիգանները փորձել են օգտվել իշխանությունների բարեվարքությունից:
Ուստի իշխանությունները պարտավոր են տալ այս միջադեպի իրավական և քաղաքական գնահատականը և օրինազանցների նկատմամբ կիրառել օրենքն իր ողջ խստությամբ»: