Մարդը ավելին է, քան ցանկացած փաստաթուղթ և երկրի կարգավիճակ: Այսօր մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգում խոսել է սեպտեմբերի 8-ին Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին՝ նշելով, որ Արցախում հերթական անգամ տեղի ունեցան ազատ և մրցակցային ընտրություններ, որոնք օրինակելի կարող են լինել ԵԽ որոշ անդամ պետությունների համար։ Զոհրաբյանը Վեհաժողովի անդամներին հարց է ուղղել՝ «Ես ուզում եմ հասկանալ՝ եթե կա վեճ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, արդյ՞ոք այստեղ նստած որևէ մեկի համար կա վեճ՝ Արցախում ապրող մարդկանց մարդ լինելու և մարդու իրավունքներ ունենալու վերաբերյալ։ Վստահ եմ՝ չկա։ Կոչս մեր Վեհաժողովին հստակ է՝ մի՛ անտեսեք Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, աջակցե՛ք Արցախի ժողովրդին՝ կատարելագործելու իր օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները։ Որովհետև դրանից շահելու է մարդը։ Իսկ մարդը ավելին է, քան ցանկացած փաստաթուղթ և կարգավիճակ»,-ասել է Զոհրաբյանը։
Հարգելի գործընկերներ,
Այսօր ես խոսելու եմ սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին։ Ինչո՞ւ, որովհետև Արցախում տեղի ունեցած ընտրությունները բացառիկ էին իրենց օրինականությամբ և ժողովրդավարությամբ։ Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ընդ որում՝ բոլոր համայնքներում միաժամանակ և՛ համայնքի ղեկավարի և՛ ավագանու անդամների ընտրություններ:
Ընտրություններին մասնակցող դիտորդների գնահատականը հստակ էր՝ ԵԽ անդամ մի շարք երկրներ կան, որտեղ երազել անգամ չեն կարող նման ժողովրդավար, բաց և մրցակցային ընտրություն անցկացնելու մասին։ և կուզենայի հատուկ ընդգծել, որ ընտրված համայնքապետերից 16-ը կին են, ինչը դեռևս մեծ թիվ չէ, սակայն ակնհայտ է, որ Արցախում կանայք սկսել են շատ ավելի ակտիվ ներգրավվել համապետական և տեղական ինքնառավարման մարմինների ընտրություններին։
Հարգելի գործընկերներ, իր անկախությունը հաստատելուց հետո Արցախում տեղի են ունեցել համապետական և տեղական ինքնակառավարման բազմաթիվ ընտրություններ, որոնք ապացուցել են Արցախի ժողովրդի՝ իրենց երկրի ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը։ Ես կրկին ստիպված եմ օգտագործել Մարդու իրավունքների հռչակագրի լեզուն և բոլորիս հիշեցնել, որ որևէ անձ, անկախ իր բնակության վայրի կամ երկրի քաղաքական, իրավական կարգավիճակից, չի կարող խտրականության ենթարկվել։ Ես շատ կուզենայի, որ մեր կառույցը այդ լեզվից չշեղվեր և գնահատեր Արցախում տեղի ունեցած արդար և մրցակցային ընտրությունները։ ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ չլինելով ԵԽ անդամ, Արցախը կամավոր ստանձնել և իրականացնում է ԵԽ մի շարք պարտավորություններ՝ միակողմանի միանալով մեր կառույցի բազմաթիվ կոնվենցիաների, իր օրենսդրությունը համապատասխանեցնելով եվրոպական չափորոշիչներին, որոնք մեր կառույցը դնում է իր լեգիտիմ անդամների առաջ։
Ինչո՞ւ եմ այսօր խոսում այս ամենի մասին։ Որովհետև, ևս մեկ անգամ ուզում եմ, որ մեր կառույցը ինքն իրեն տա պարզ մեկ հարց՝ եթե անգամ Արցախի միջազգային կարգավիճակի վերաբերյալ կա վեճ, արդյո՞ք Եվրոպայի խորհրդի համար կա վեճ՝ Արցախում ապրող մարդկանց մարդ լինելու և մարդու իրավունքներ ունենալու վերաբերյալ։ Վստահ եմ՝ չկա։ Կոչս մեր Վեհաժողովին հստակ է՝ մի՛ անտեսեք Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, աջակցե՛ք Արցախի ժողովրդին՝ կատարելագործելու իր օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները։ Որովհետև դրանից շահելու է մարդը։ Իսկ մարդը ավելին է, քան ցանկացած փաստաթուղթ և կարգավիճակ: