Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ անցկացված ՏԻՄ ընտրություններին:
«Երեկ Արտաշատում տեղի ունեցան ավագանու անդամի արտահերթ ընտրություններ։ Առաջադրվել էին 48 թեկնածուներ, ինչի արդյունքում քվեաթերթիկի երկարությունը հավասարազոր էր երեք A4 թերթի։
Ընտրություններն ընթացան խաղաղ մթնոլորտում։ Բնակիչներից շատերը պնդում էին, որ որոշ տեղամասերում նախկինում տիրում էր լարված մթնոլորտ, ինչը այս անգամ չկար։ Ու թերևս պետք է արձանագրեմ, որ 2018 թվականից այս կողմ ՏԻՄ ընտրությունները ևս անցնում են շատ հանգիստ պայմաններում, առանց լարվածության և տեղամասերի առջև սևազգեստները այլևս տեսանելի չեն։
Անցնեմ գրառմանս քաղաքական ենթատեքստին․ առաջադրված 48 թեկնածուներից ընդամենը երեք հոգի էին ներկայացված երկու կուսակցությունների կողմից, որոնք սակայն եղած ամփոփ տվյալներով անցողիկ տեղում չհայտնվեցին։ Առաջադրված 7 կին թեկնածուներից ևս որևէ մեկը ներկայացված չի լինի Արտաշատի ավագանիում, թեպետ նախկինում կար 2 ընտրված կին ավագանու անդամ։
ՏԻՄ ընտրություններին ներկայացված լինելը «Լուսավոր Հայաստանի» համար եղել է առաջնային, և մենք կարևոր ենք համարում մեր ներկայացվածությունը համայնքներում։ Այս անգամ մենք ևս Արտաշատում մասնակցություն չունեցանք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ինչը ինձ համար շատ մտահոգիչ է։ Մարզկենտրոնում քաղաքական ուժերի մասնակցությունը ըստ իս պետք է շատ լիներ և նպաստեր համայնքի կառավարման գործում քաղաքական պատասխանատվության ձևավորմանը։
Եվ ուրեմն ի՞նչն է պատճառը, որ թեկնածուները հակված չեն առաջադրվել որևէ կուսակցության կողմից։ Այս հարցին սպառիչ չեմ կարող պատասխանել, բայց մի գործոն հստակ տեսնում եմ․ ավագանու անդամ են ընտրվել խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպիսիք են «Ռոսգոսստրախը», «Վեոլիա ջուրը», գազի սպասարկման «Էյ-Ի-Ջի սերվիսը» և այլ խոշոր ձեռնարկությունների տնօրեններ։ Ակնհայտ է, որ այս անձինք ի բնե կցանկանան պահպանել քաղաքական չեզոքություն թե ավագանու ներսում թե առավել ևս կուսակցական գործիչ դառնալու հարցում։ Մյուս կողմից այս անձինք ունեն էլեկտորալ պոտենցիալ, ինչը որքան էլ պարադոքսալ հնչի՝ ոչ քաղաքական է․․․
Համայնքներում քաղաքական կյանքի ակտիվացումը կարծում եմ լավ կառավարմանն ուղղված հրամայական է։ Պետք է նախաձեռնել ՏԻՄ մարմնի կառավարման ռեֆորմներ, որոնք կենթադրեն ոչ միայն ընտրակարգի վերանայում, այլև բազմաթիվ նոր կոմպոնենտներ, որոնք քաղաքապետ-ավագանի փոխհարաբերությունները կդարձնեն ինստիտուցիոնալ, իսկ մարզերում քաղաքական կյանքը՝ հագեցած»: