Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանցում այս լուսանկարն է պտտվում, որտեղ երկու մանկահասակ երեխա են՝ քաղաքապետարանի առաջ սիզամարգին պառկած:
     Լուսանկարը տարածողները փորձում են սա ներկայացնել որպես քաղաքապետարանի «անգթության» և «անտարբերության» ապացույց: Իբր, մենք ականջալուր չենք «Սանիթեքից» աշխատավարձ չստացած քաղաքացիների պահանջին ու անգամ երեխաների ներկայությունը մեզ վրա չի ազդում:

Փորձեմ առանց այս «ինքնատիպ» հնարքին գնահատական տալու ասել.

  • Քաղաքապետարանի աշխատակիցները, ինչպես նաև՝ ավագանու մի շարք անդամներ տարբեր խմբակցություններից, պարբերաբար շփվում են քաղաքապետարանի դիմաց գտնվող «Սանիթեքի» (նախկին) աշխատակիցների հետ:
  • Տարեցները և երեխաների հետ ժամանած ցուցարարները քաղաքապետարանի ուշադրության տակ են՝ նրանց առաջարկում են ջուր և այլ անհրաժեշտ օգնություն:
  • «Սանիթեքի» աշխատակիցներին պարզաբանել ենք, որ աշխատավարձ տալը ԲԱՑԱՌԱՊԵՍ «Սանիթեք» ընկերության ղեկավարության պարտավորությունն է:
  • Քաղաքապետարանը օգոստոսին շուրջ 165 միլիոն դրամ է փոխանցել «Սանիթեքին»: Սա, «Սանիթեքի» իսկ պաշտոնյաների վկայությամբ, առավել քան բավարար է՝ աշխատակիցներին վարձատրելու համար: Սակայն, նրանք ասում են, որ քաղաքապետարանի տված գումարը ծախսել են այլ բաների վրա: Ինչեւէ:
  • Այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է գտնել հնարավոր տարբերակներ, որպեսզի «Սանիթեքի» աշխատակիցներին իրենց աշխատավարձը հասնի: Մեր մասնագետները ինտենսիվ կերպով ջանում են լուծել այս հարցը:
  • Բացի այս ամենից, «Սանիթեքի» աշխատակիցներին առաջարկվել է աշխատանքի անցնել Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկում (ԵԱՍՄ): Նրանց զգալի մասը արդեն աշխատանք ունի, և հասկանալի է, որ ԵԱՍՄ ղեկավարությունը կարող է պահանջել, որպեսզի արդեն իր աշխատակիցները աշխատանքային ժամին լինեն աշխատավայրում»: