Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.
«Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձն է՝
շուրջ քառորդդարյա նորագույն պատմություն, հիրավի հերոսական ճանապարհ, որի յուրաքանչյուր ակնթարթը ծանրագույն մաքառում էր, խիզախում, նվիրում, անտրտունջ ջանքեր, թիմային աշխատանք, որի յուրաքանչյուր բաժանումն իր հաջողությունն է ունեցել, իր ձեռքբերումն ու բացթողումը, և այսօր անհնար է մեկ հայացքով ամբողջացնել կամ ներկայացնել այն։
Սակայն, վստահ եմ, բոլորիս համար Անկախության ամենամեծ նվաճումը ազգային բանակն է՝ մեր ուժի, հպարտության գրավականը, որը, Արցախյան պատերազմում արիաբար հաղթելով իր նկատմամբ քանակական առավելություն ունեցող հակառակորդին, ամուր, վստահ կանգնած իր դիրքերում, այսօր էլ ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ արարումը։
Մենք ասում ենք՝ մեր նպատակը միասնական մեկ հայրենիքն է։
Սակայն այդ նպատակին հասնելու և արտաքին ուժերին այսուհետ նույնպես պատվով դիմակայելու համար ամենից առաջ
պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում և կարող են անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության, ժողովրդի համար,
պե՛տք է արդարություն հաստատել պետության ներսում և չտրվե՛լ կեղծ զրպարտանքներով հասարակությանը մոլորեցնելու գայթակղությանը (․․․այդպես թույլերն են պաշտպանվում), որովհետև նրանք, ովքեր, մարտի դաշտում իրենց վրա կրակ վերցնելով, թրծվել, հաղթել են, հաղթելու են նաև այս ճակատում՝ խաղաղ, օրինական ճանապարհով։
Մենք անկախությունը նվաճել ենք մեր մարտական ընկերների, եղբայրների, որդիների կյանքի, առողջության գնով...
Եվ որևէ մեկը իրավունք չունի խարխլելու մեր ժողովրդի անդորրը, մեր երիտասարդ պետության հիմնասյուները։
Պետականությունը անսակարկելի, բարձրագույն արժեք է։
Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուրիս պա՛րտքն է և պատիվ։
Եկե՛ք ուրեմն պատվով և խիզախությամբ պաշտպանենք մեր անցյալի հաղթանակները, ավելի եռանդուն շենացնենք երկիրը՝ կենտրոնացնելով պետականամետ, առողջ ուժերը այսօր մեր ժողովրդի համար կարևորագույն զենքի՝ տնտեսության զարգացման վրա, և համախմբված, մեկ բռունցք դարձած՝ պատրաստ լինենք նոր մարտահրավերներին դիմակայելու։
Սիրելի՛ հայրենակիցներ
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ուժ, տոկունություն, երջանկություն եմ ձեզ մաղթում և նոր հաղթանակներ՝ հանուն Հայրենիքի բարօրության, փառքի, խաղաղ ապագայի»։