Աշխարհի ամենահարուստ երկրներն առանձնացնելու համար կան տարբեր նախապայմաններ: Նախ և առաջ կարելի է, օրինակ, որպես հիմք ընդունել համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կամ էլ' երկրի ընդհանուր եկամուտը, սակայն այսպիսով մենք կունենանք ընդհանուր երկրի մասին պատկեր' աչքաթող անելով բնակչության կենսապայմանները, և շատ հնարավոր է, որ այս հաշվարկներով երկիրը դիտարկվի որպես հարուստ, բայց բնակչությունը ապրի աղքատ ու ծանր կենսապայմաններում (օրինակ' Չինաստան): Այդ իսկ պատճառով երկրի իրական վիճակը կարելի է պարզել' հաշվարկելով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն, որը ցույց կտա յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը: Եվ այսպես ձեզ ենք ներկայացնում երկրագնդի տաս առաջատար ու հարուստ երկրների ցանկը:
10. Ավստրիա
"Երանելիների" ցուցակը բացում է Ավստրիայի հանրապետությունը' Կենտրոնական Եվրոպայում: Բնակչության թիվը 8.4 մլն է, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 39711 դոլար է, և այս թիվը տարեց տարի աճում է: Երկրի տնտեսության հիմքը սպասարկման ոլորտն է' բանկային գործ և ապահովվագրություն: Երկրի տնտեսության մեջ մեծ դեր են խաղում նաև մետալուրգիան, սննդի, տեքստիլ ու քիմիական արդյունաբերությունը, ինչպես նաև' քաղաքաշինությունը: Սակայն մի հետաքրքրական փաստ. Ավստրիան գրեթե չունի օգտակար հանածոներ, և վերամշակում է ներկրված հումքը: Այս երկրում գործազրկությունն ու ինֆլյացիան բավականին ցածր մակարդակ ունեն, իսկ իր ստաբիլության համար երկիրը դեպի իրեն է ձգում բազմաթիվ ներդրողների, այդ թվում' հարևան Գերմանիայից:
9. Իռլանդիա
Ցուցակում նախավերջին տեղում է Բրիտանական կղզիներից մեկի վրա գտնվող Իռլանդիայի հանրապետությունը, որը մինչև 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը շատ ավելի բարձր հորիզոնականներում էր: Իռլանդիայում ապրում է 4.5 մլն մարդ, իսկ յուրաքանչյուր քաղաքացուն ընկնող ՀՆԱ-ն 40000 դոլար է: Տնտեսության հիմնական ճյուղերը սննդի, տեքստիլ և մետաղի արդյունաբերությունն է:
8. Նիդերլանդներ
Արևմտյան Եվրոպայում գտնվող Նիդերլանդների թագավորությունը հայտնի է ոչ միայն նրանով, որ հասուն բնակչությունն ամենաբարձր հասակն ունի Եվրոպայում ( հասուն տղամարդկանց միջին հասակը 1.83 մ, հասուն կանանց միջին հասակը 1.70 մետր), այլև բարեկեցության ու հարստության ցուցանիշով: Նիդերլանդներում ապում է 16.68 մլն մարդ, և յուրաքանչյուրի ՀՆԱ-ն կազմում է "ընդամենը" 42447 դոլար: Երկրի տնտեսությունը հենվում է մետալուրգիայի, գյուղատնտեսության, մեքենաշինության, նավթաքիմիական արդյունաբերության, ավիա- և նավաշինության, ինչպես նաև գարեջրի, կահույքի ու հագուստի արտադրության վրա: Նիդերլանդներում են գտնվում այնպիսի համաշխարհային խոշոր կոնցերների շտաբեր, ինչպիսիք են Shell, Phillips և Unilever ընկերությունները: Երկրի տարածքի մոտ 65 տոկոսն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով' չնայած, որ ի սկզբան է հողը բերքատու չէր, սակայն տեխնոլոգիաների ու պարարտանյութերի ակտիվ ներդրմամբ Նիդերլանդներն այսօր հասել է հսկայական արդյունքների ու իր գյուղատնտեսական արտադրանքով կերակրում է շատ ու շատ երկրների:
7. Շվեյցարիա
Եվրոպայի հենց սրտում գտնվող այս երկրում ապրում է 7.86 մլն մարդ, և յուրաքանչյուր շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 46424 դոլար: Շվեյցարական տնտեսությունը հիմնվում է տուրիզմի և քիմիական արդյունաբերության վրա: Բացի այդ Շվեյցարիան հայտնի է նաև որպես երկիր, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում ներդրողների շրջանում իր ապահովության համար: Դե իսկ շվեյցարական բանկերի հռչակը վաղուց դարձել է երկրի ամենահայտնի այցեքարտերից մեկը:
6. ԱՄՆ
Չնայած, որ ԱՄՆ-ի տնտեսությունը մեծապես տուժեց համաշխարհային տնտեսական ճգնաժամից' այս երկիրն այնուամենայնիվ հաստատվեց մեր "հիթ-շքերթի" վեցերորդ հորիզոնականում: ԱՄՆ-ը բնակչության թվով երրորդն է Չինաստանից ու Հնդկաստանից հետո, սակայն այստեղ յուրաքանչյուր շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 54084 դոլար: ԱՄՆ-ի տնտեսությունն ամենահզորն է աշխարհում, այն հիմնված է նավթարդյունաբերության, պողպատի արտադրության, մեքենաշինության ու բարձր տեխնոլոգիաների վրա: ԱՄՆ-ը հարուստ է նաև բնական հանածոներով ու համարվում է աշխարհի ամենախոշոր արտահանողը: Չնայած այս ամենին ԱՄՆ-ը խոշոր արտաքին պարտքեր ունի:
5. Սինգապուր
Դեռևս անցած դարի 50-ական թվականներին Սինգապուրը համարվում էր հետամնաց երկիր, իսկ այսօր այն Հարավ-Արևելյան Ասիայի ամենազարգացած ու հարուստ երկիրն է: Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն կազմում է 56579 դոլար: Շնորհիվ ազատ տնտեսության ու կոռուպցիայի բացակայության Սինգապուրը շատ արագ գրավեց ներդրողների ուշադրությունն ու բացեց դռներն աշխարհի առաջ: 5 միլլիոնից ավել բնակչություն ունեցող երկրի տնտեսությունը հիմնվում է քիմիական արդյունաբերության, էլեկտրոնիկայի, նավաշինության ու ֆինանսական ծառայությունների վրա:
4. Նորվեգիա
Մինչև նախանցած տարի երկիրը ցնցած երկու ահաբեկչությունները, Նորվեգիան համարվում էր աշխարհի ամենաապահով երկիրը: Դրա հետ մեկտեղ այնտեղ ամենաբարձր կենսամակարդակն էր աշխարհում: Այսօր Նորվեգիան հայտնվել է ամենահարուստների ցուցակի 4-րդ հորիզոնականում' իր մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի 56920 դոլար ցուցանիշով: Նորվեգական տնտեսությունը հիմնված է բնական գազի ու նավթի հարուստ պաշարների վերամշակման վրա: Եվ քանի որ երկրում առանձնապես զարգացած է նաև հիդրոէներգետիկան, ապա ստացված նավթի զգալի մասն արտահանվում է' այսպիսով դարձնելով Նորվեգիան "սև ոսկու" ամենախոշոր արտահանողներից մեկն աշխարհում:
3. Արաբակ Միացյալ Էմիրություններ
Աշխարհի ամենահարուստների եռյակը բացում է ԱՄԷ-ն' շեյխերի, ամենաբարձր երկնաքերերի, թանկարժեք հյուրանոցների ու արհեստական կղզիների երկիրը: Այստեղ յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 57744 դոլար: Բնակչության թիվը կազմում է 8.26 մլն: Տնտեսության գլխավոր ճյուղերն են նավթի և ալյումինի արդյունաբերությունը, ցեմենտի արտադրությունը: Ի դեպ, ԱՄԷ-ն ընդամենը տասնամյակների ընթացքում հետամնացությունից հասավ բարձր զարգացվածության հենց նավթի պաշարների բացահայտման շնորհիվ: Սակայն այսօր կառավարությունն ամեն ինչ անում է' երկրի տնտեսությունը նավթային պաշարների կախվածությունից ազատելու համար, քանի որ բնությունը միշտ այդչափ շռայլ չի գտնվելու:
2. Լյուքսեմբուրգ
"Բուրջ ալ Արաբում" սննդային թունավորումից կյանքից հեռացավ Լյուքսեմբուրգի միակ ԲՕՄԺ-ը...
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը գաճաճ պետություն է Եվրոպայում, ԵՄ-ի անդամ է: 2600 քկմ տարածքով այս երկրում ապրում է մոտ 0.5 մլն մարդ: Այստեղ են գտնվում ԵՄ-ի տարբեր կազմակերպություններ: Լյուքսեմբուրգում են կենտրոնացած 1000-ից ավելի ներդրումային ֆոնդեր և 200 բանկ, նման քանակ չկա աշխարհի և ոչ մի երկրում: Պատճառը ձեռնտու պայմաններն ու տարանցիկությունն է: Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն կազմում է 89562 դոլար: Տնտեսության հիմնական ճյուղերը բանկային ու ֆինանսական ծառայություններն են, ինչպես նաև երկաթի արդյունաբերությունն ու չուգունի և պողպատի արտադրությունը:
1. Քաթար
Մերձավոր Արևելքում, Արաբական թերակղզու վրատեղակայված այս փոքր Էմիրատն աշխարհում ամենահարուստն է: Մինչև 1971 թ, այն պատկանում էր Բրիտանիային, վերջինս անխնա օգտվում էր Քաթարի հարուստ նավթի ու գազի պաշարներից: Անկախացումից հետո Քաթարում հայտնաբերվեց նավթի խոշորագույն պաշարներով հարուստ հանքերից մեկն աշխարհում: Այսօր բնական գազի պաշարներով Քաթարը երրորդն է աշխարհում, ինչպես նաև գազի ու նավթի խոշորագույն արտահանողներից մեկը: Բնակչության թիվը կազմում է 1.69 մլն: Իսկ Միջազգային արժութային ֆոնդի տվյալներով ՀՆԱ-ն կազմում է 91379 դոլար յուրաքանչյուր շնչին: Եվ հենց նույն ՄԱՖ-ի հաշվարկներով այդ թիվը դեռևս աճելու միտում ունի և 2016-ին արդեն կհասնի 111000 դոլարի:
ՀԳ. Համեմատության համար նշենք միայն, որ ըստ տարբեր աղբյուրների Հայաստանում մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն կազմում է 3000 - 5000 դոլար:
ՀՀԳ. Մինչ, երանի տալով այս ցուցակում հայտնված երկրների քաղաքացիներին, կապում եք ձեր ճամպրուկը, շտապենք տեղեկացնել, որ շուտով մեր էջում կհայտնվի աշխարհի ամենաաղքատ երկրների տասնյակը, սպասե՛ք, գուցե դեռ ամեն ինչ կործ չէ՞... միգուցե... :)