ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ քննչական կոմիտեն այսօր արդեն հայտարարել է, որ ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը։
Նա ԱԺ աշխատակազմում աշխատանքի է անցել 2014 թ․ և մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ այդ պահի դրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի սանիկն է։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովում որոշման նախագիծ է շրջանառվում Հ․Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ, ցանկանում եմ միանգամից կանխել բոլոր հնարավոր քաղաքական շահարկումները և զանազան օրինախախտումները քաղաքական շարժառիթներով մեկնաբանելու փորձերը․ ԱԺ աշխատակազմում մեդալների քաշի և բաղադրության վերաբերյալ կասկածներն առաջացել էին և իրավապահ մարմիններին այդ մասին տեղեկացրել էին դեռ ամիսներ առաջ։
Հիշեցնեմ՝ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2015-2016թթ․ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից 32.000 - 40.000 դրամով և 12,3 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք բերված 278 հատ «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալները» և 75 հատ «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալները», որոնք ըստ տեխնիկական բնութագրերի պետք է լինեին ոսկու շերտով պատված արծաթից, իրականում պատրաստված են պղինձ-ցինկի համաձուլվածքից և գնահատվում են 3.700 - 4.200 դրամ։
Հավելեմ նաև, որ քննչական մարմինները գործողություններ են իրականացնում՝ պարզելու, թե որքանով են տեխնիկական բնութագրին համապատասխանում 935 հուշանվեր - հարթաքանդակները՝ ձեռք բերված 2015-2017թթ․, 15.000 - 72.000 դրամով, 24,3 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ»: