«Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դա կլինի Ադրբեջանի վերջը

Ադրբեջանական կողմը կարծում է, թե կարող է Հայաստանի Հանրապետությունում (Արցախը ներառյալ) առաջացած ներքին լարվածությունը և ճգնաժամային վիճակն օգտագործել որպես պատեհ առիթ մեզ հետ ռազմական սպառնալիքի լեզվով խոսելու կամ նույնիսկ ռազմական հարձակման դիմելու համար։

Հակառակորդը վատ հիշողություն ունի։

Նա երևի մոռացել է, որ արտաքին վտանգի ժամանակ հայությունը մի կողմ է դնում բոլոր տարաձայնությունները և մեկ բռունցք դարձած դուրս է գալիս թշնամու դեմ։

Հիշեցնում ենք Ադրբեջան կոչվող արհեստական պետության կարճատև պատմությանը հայտնի Սարդարապատի և Արցախի ազատագրման օրինակները և ի լուր աշխարհի վստահեցնում, որ մեզ վրա հարձակման դեպքում գլխովին ջախջախելու ենք նրան, ինչից հետո Ադրբեջանը փլուզվելու է, հայկական Կուր-Արաքսյան միջակայքը վերահայացվելու է, իսկ Ադրբեջանի մնացյալ տարածքի վրա առաջանալու են բնիկ ժողովուրդների պետություններ։

Անհամբեր սպասում ենք, թե երբ է Ադրբեջան արհեստական պետությունը մեզ տալու իրեն ջախջախելու և իր կազմում գերված ժողովուրդներին ազատագրելու բաղձալի հնարավորությունը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «Արցախը Հայաստան է» արտահայտությանը.

 

«Ես կարծում եմ, որ մենք՝ զինվորականներս, չպետք է մասնակցենք այդ բանավեճին։ Մեր խնդիրը կռվելն է։ Մենք մեր խոսքը կասենք մարտադաշտում, եւ մենք երազում ենք այդ մասին։ Եվ դա կիրականանա մոտ ժամանակներս։ Այդ ժամանակ կտեսնենք՝ պատասխանատո՞ւ է նա իր խոսքերի համար, թե՞ չէ»,-ասել էր նա։