«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հեղափոխությունները տեղի են ունենում նախկիններին մերժելու, պատժելու, գողացածը հետ բերելու խոստումով։ Այդ դեպքում են մարդիկ փողոց դուրս գալիս և հաղթանակից հետո էլ պահանջում հաղթողից իրականացնել խոստումը։ Մեզանում տեղի ունեցածը բացառություն չէ, և գործող իշխանությունը փորձում է իր տված խոստումը հնարավորինս կատարել՝ նախկիններին պատժել և գողացածը հետ բերել։ Արթուր Վանեցյանը այս ամենն իմանալով և գիտակցելով է ստանձնել ԱԱԾ պետի պատասխանատու պաշտոնը և հաճույքով մաս է կազմել իշխանությանը։ Հակառակ մոտեցումը ուղղակի ծիծաղելի կլիներ, ու թե հիմա ինչի՞ց է զարմացել և ումի՞ց է բողոքում սպան, անհասկանալի է։ Գործող իշխանությունը ունի դատական համակարգի, Սահմանադրական դատարանի և, այո, նաև նախկին հանցագործությունները բացահայտելու և պատժելու պարտավորություն։ Իշխանությանը մաս կազմող անհատները կամ պետք է պատվով և իրենց գիտելիքները ներդնելով ու արհեստավարժ իրականացնեն այս գործը, կամ՝ հրաժարական տան և հեռանան: Եվ ցանկալի է, որ դա անեն առանց պաթոսի ու բայղուշության»։