Արա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«ՁԵԶ ՀԱՐՑ ՏՎԵՔ
Լավ այսքան չարություն որտեղի՞ց մեզ։ Այսքան ատելություն, զզվանք, վրեժխնդրության մոլուցք, կողքինին վատաբանելուց հաճույք, հարևանի ծնկի գալուց ուրախություն, լավ ՈՐՏԵՂԻ՞Ց։
Միթե՞ սա այն Հայաստանն է, որ պատերազմ է հաղթել։ Զգացե՞լ եք, որ մենք միասին ենք միայն այն դեպքում, երբ պատերազմ է, իսկ անդորրի ժամանակ մենք իրար ենք ոչնչացնում։
Ֆեյսբուքի քոմենթներն եմ նայում տարբեր հոդվածների տակ ու սարսափում։ Սա Հայաստանցի – Ղարաբաղցի հակամարտություն չէ, սա մի ողջ ազգի ոչնչացման նախադրյալ է։ Մենք գնում ենք շատ սխալ ճանապարհով։ Ցանկացած բան գրելուց առաջ մի պահ կանգ առեք, հասկացեք, որ վաղը այդ նույն դերում կարող եք հայտնվել դուք, ձեր երեխան կամ ծնողը։ Մի պահ պատկերացրեց, թե ինչ ցավ եք ապրելու տեսնելով այդ ամենը։ Չեմ վիճում, կան մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով շատ դժգոհ են եղել իշխանություններից, բայց միթե սա պատճառ է լինել այդքան չար։ Այդ չարը ձեզ է վատություն անում, այդ չարը մեր թշնամիներին է ուրախացնում և ի վերջո այդ չարը մեզ է պառակտում։
“Սատկես դու, երեխաներդ արև չտենան, երբ են սրան նստացնելու, սրանց սատկացնել է պետք”, սա՞ է մեր մակարդակը, սա՞ է հաղթանակած ազգի որակը։
Խոսքս ուղղում եմ բոլոր կողմերին։ Մի պահ կանգ առեք, հասկացեք, որ այս ամենը կարդում են մեր երեխաները։ Մենք իրենց մեջ ատելություն ենք ներարկում։ Հավատացեք, որ իրենք չեն էլ գիտակցում, ով է ճիշտ և ով է սխալ։ Այս ողջ պրոցեսից իրենց կմնա միայն անիմաստ ատելությունը, որը վաղ թե ուշ կործանելու է նաև իրենց։ Մենք հասել ենք մի հանգրվանի ուր մեր իրական թշնամիների մասին խոսում ենք ոչ այդքան վատ, քան մեր հայրենակիցների մասին։
Սա ինքնաոչնչացման ճանապարհ է։ Ոչ սորոսն է մեղավոր, ոչ իշխանությունը ոչ էլ ընդդիմությունը։ Մենք պետք է հասնենք այն մակարդակին ուր ատելություն քարոզողին հասարակությունը կմերժի, կմեկուսացնի և կստիպի լռել։ Սա է առողջ հասարակության գրավականը։ Դեմ եք այս կամ այն մարդուն, քաղաքականությանը, երևույթին, դա ձեր սուրբ իրավունքն է։ Քննադատեք ինչքան կուզեք, բայց արեք դա ցիվիլ մարդու պես, արեք դա կիրթ մարդու պես և ի վերջո արեք դա ՄԱՐԴՈՒ պես։
Եվ վերջում մեկ հռետորական հարց.
Դուք ուզում եք ապագա սերունդ դաստիարակել առողջ մտածելակերպո՞վ, թե լցված հիվանդագին ատելությամբ»։