Նազենի Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես չեմ հասկանում, թե ինչու է պետք Հայաստանի տարբեր վայրերից ու նաեւ՝ կառավարության շենքից քերել բերել ու մի տեղ հավաքել արժեքավոր որմնանկարները։ Այդպիսի բան նույնիսկ իտալացիները չեն անում, որոնց մոտ են դարերով արված հազարավոր հռչակավոր որմնանկարներ։ Դրանք մնում են իրենց տեղում՝ նույնիսկ հեռավոր գյուղերի փոքրիկ եկեղեցիներում։

Մարդիկ գնում֊հասնում են այնտեղ՝ դրանք տեսնելու, միաժամանակ բացահայտում են այդ վայրը, իր բնությունը, այլ մշակությաին ավանդույթները եւ այլն։ Նախ՝ յուրաքանչյուր որմնանկար մտահղացված է ըստ իր ճարտարապետական միջավայրի առանձնահատկության, ոճի եւ այլն, եւ կոմպոզիցիոն ամբողջականության մասն է կազմում, ապա՝ իրենց վայրերում դրանք թողնելը կարող է նպաստել տեղում մշակութային աշխուժության եւ զբոսաշրջության շարժի, եթե լավ հանրահռչակվի, եւ վերջապես, տվյալ միջավայրում մարդկանց գնալ֊գալը նպաստում է առօրյայում նրանց՝ արվեստի գործի հետ շփվելուն։

Եթե գումարներ կան դրանք հավաքել բերելու, ավելի լավ է ծախսվեն՝ տեղում վերանորոգման, պայմանների ապահովման եւ հանրահռչակման համար։ Եւ վերջում՝ այսօրվա համաշխարհային միտումը զարգանում է լրիվ հակառակ ուղղությամբ՝ մշակույթը դուրս տանել թանգարաններից, ապակենտրոնացնել, մշակութային միջոցառումները տարածքային առումով հավասարակշռել եւ հորիզոնականացնել եւ հնարավորինս կազմակերպել հասարակական վայրերում»։