ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր սեպտեմբերի 3-ն է՝ ուղիղ վեց տարի է անցել այն օրից, երբ գրեթե ողջ Հայաստանն իսկական շոկի ենթարկվեց:
Վեց տարի առաջ այս օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին՝ մինչ այդ երեքուկես տարի բանակցելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի և Ազատ առևտրի պայմանագրի շուրջ, ավարտելով բանակցությունը և ըստ էության պատրաստվելով նախաստորագրման՝ այդ ընթացքում բազմաթիվ անգամներ հավաստիացնելով, որ Հայաստանը նախաստորագրելու է փաստաթուղթը: Ահա այս ամենից հետո՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանը հանկարծ, նույնիսկ իր իսկ ՀՀԿ-ական կուսակիցների համար անսպասելիորեն հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին:
Անցնող վեց տարվա ընթացքում մենք ունենք այն, որ Հայաստանը բազմաթիվ քաղաքական նվաստացումների է ենթարկվել։ Միևնույն ժամանակ այս ընթացքում Հայաստանը հեղինակազրկվել է Արևմուտքում, կորցրել Արևմուտքի առաջատար պետությունների և անվտանգության ու տնտեսական կառույցների հետ ինտեգրացիայի, համագործակցության ռեալ հեռանկարները, որոնք շոշափելիորեն կբարձրացնեին երկրի անվտանգությունը և զարգացման հեռանկարները»: