Վարչապետ Փաշինյանի վերջին շաբաթների ֆեյսբուքյան ակտիվությունը պարզվում է ինքնանպատակ չի եղել։ «Ժողովրդի վարչապետը», ըստ ամենայնի, նպատակ էր դրել իր սոցցանցային էջի ցուցանիշները բարելավել և արդյունքը չուշացավ։
Փաշինյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջի օգոստոս ամսվա վիճակագրական տվյալները, թե քանի տոկոսով է աճել իր գրառումները հավանող օգտատերերի թիվը, հրապարակումների «ծածկույթը» և այլն։ Ինչ խոսք տպավորիչ ձեռքբերումներ կան՝ 89% աճել են լայքերը, այս տարվա տնտեսական հաջողությունների շարքում սա գուցե պետք է ներառվի։
Ինչպես արդեն օրինաչափ է դարձել, Փաշինյանը ամեն օր գրառում է կատարում, հրապարակում մակրոտնտեսական տարբեր ցուցանիշներ, բայց վերջիններս մի քանի անգամ զիջում են իր ֆեյսբուքյան էջի վերջին մեկ ամսվա ցուցանիշների աճին։ Սա շատ հետաքրքիր խորհրդանշականություն է կրում իր մեջ. վարչապետն ավելի շատ աշխատում է ֆեյսբուքում և հաջողությունները բնականաբար ավելի նշմարելի այստեղ պետք է լինեն։
Թերևս տնտեսական ցուցանիշները կաճեն այն պարագայում, երբ վարչապետի էջում դադարեն տասնյակի հասնող գրառումներն ու տեսանյութերը, որոնց մի մասը այնքան անձնական են, որ առհասարակ անհասկանալի է դրանց հրապարակման նպատակահարմարությունը։