ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ պետք է վերանայել միջազգային հարաբերությունների գործող համակարգը, քանզի ժողովրդավարությունը դեգրադացվել է՝ միաժամանակ շեշտելով, որ «դեգրադացվել և խելագարվել է նաև կապիտալիզմը»։
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության մեջ ժողովրդավարությունը երբեք չի եղել առաջնային գործոն։ Ավելին, Ռուսաստանը կասկածանքով է վերաբերվել այն պետություններին, որոնք միջազգային դաշտում փորձել են բրենդավորվել որպես «ժողովրդավար»։
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականությունը դարձավ մաքսիմալ պրագմատիկ, և ժողովրդավարության շեշտադրումներով նախկին մոտեցումերը այլևս գերակա չեն ամերիկյան գլոբալ քաղաքականության մեջ։ Այսպես, այս տարվա հունիսին գտնվելով Վարշավայում և պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփն ասել է, որ թքած ունի Լեհաստանում ժողովրդավարության վիճակի վրա։
Այս ֆոնին Հայաստանի արտաքին քաղաքականության համար թիվ 1 պատասխանատու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդավարությունը պետք է լինի Հայաստանի այցեքարտը արտաքին քաղաքականության մեջ։
Հիմա հարց։
Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները համաշխարհային խաղի մեջ ունեն նման մոտեցումներ, ապա Արցախյան հակամարտության մեջ Հայաստանը «ժողովրդավարական դրոշակով» ինչպե՞ս է հասնելու մաքսիմալ հայանպաստ լուծմանը, ինչպե՞ս է ամրապնդելու երկու հայկական պետությունների անվտանգությունը։
Հ.Գ. Երկրի ներսում դեռ կարող եք ինքներդ ձեր կենացը խմել և հաճույք ստանալ, բայց պետություն ներկայացնելիս գինարբուքից դուրս եկեք»։