Տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար–հուլիսի մակրոտնտեսական տվյալները։
Շտապ հավաքված տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–հուլիսին 6,8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ուշագրավն այն է, որ վիճակագրորեն աճել են աշխատավարձերը՝ պետական ու մասնավոր սեկտորներում համապատասխանաբար 7,3 և 4,1 տոկոսներով, աճել է առևտուրը՝ 8,9 տոկոս, բայց, արի ու տես, որ սպառողական գների ինդեքսը՝ ՍԳԻ–ն, կամ գների աճը առաջին յոթ ամսում, նախորդ տարվա հունվար–հուլիսի համեմատ, ավելացել է ընդամենը 1,9 տոկսով։ Դա նշանակում է, որ տնտեսության մեջ արձանագրվող աճը զուտ վիճակագրական ֆենոմեն է, ու իրական կյանքի հետ կա աղճատված կապ։ Հակառակ դեպքում տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ ամիսներ շարունակ արձանագրվող աճը կազդեր գնաճի վրա, քանզի տնտեսական աճը նպաստում է գնողունակ պահանջարկի ավելացմանն ու ճնշում գները։
Չեն կարող տնտեսությունը, աշխատավարձերը, առևտուրը և էլի ուրիշ բաներ աճել, իսկ ահա գնաճի մակարդակը մնա թիրախային 4 տոկոսից ավելի, քան 2 անգամ ցածր վիճակում։
Գնաճի ցածր մակարդակը կարող է հետևանք լինել նաև «ուժեղ» դրամի քաղաքականության, ինչպես նաև զսպող հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության։
Հայտնի է, որ կառավարությունը բյուջետային ծախսերի թերակատարում է իրականացնում։ Եվ դա այն դեպքում, երբ հարկային եկամուտները պլանավորվածից բարձր են։
Բյուջետային ծախսերի թերակատարումը ազդում է տնտեսական վիճակի վրա բացասական իմաստով։ Բայց կառավարությունը, ամենայն հավանականությամբ, համարում է, որ այդ հարկային եկամուտների դրական դինամիկան ժամանակավոր բնույթ է կրում ու պայմանավորված չէ ներքին տնտեսական գործոններով։ Ու դրա համար էլ ծախսերը չի իրականացնում՝ օրենքի խախտմամբ պահելով փողերը «սև» օրվա համար։
Դե, իսկ Կենտրոնական բանկն էլ, շառից ու փորձանքից հեռու, սեղմած է պահում դրամական զանգվածը։ Արդյունքում ստանում ենք ցածր ՍԳԻ և տնտեսության ցուցանիշների հետ կապված քարոզչական մեծ աղմուկ»։