03:48
«Մի պահ կանգ առեք և գիտակցեք, որ փողոցում խորոված անելուց առաջ չեք էլ անցել և մինչ այսօր այդ նույն խորովածն էլ անում եք». Արա Վարդանյան

Արա Վարդանյանի հրապարակումը.

«Անցած մի քանի ամիսների ընթացքում բավականին խորացված հետևում էի մեր քաղաքական դաշտի անցուդարձին և շատ ցավով պետք է նշեմ, որ այն ուղղակի գտնվում է ճգնաժամային փուլում։

Պատճառները շատ են։ Ամենագլխավոր պատճառը իհարկե իշխող ուժի կողմից քաղաքական դիսկուրսի տոտալ բացակայությունն է։
Բոլոր առաջարկները և քաղաքական վերլուծությունները, որոնք կատարվում են իշխող ուժի նկատմամբ հանդիպում են պատնեշի, որի վրա միշտ և անփոփոխ գրված է՝ դուք նախկիններդ խոսելու տեղ չունեք։ Ուշագրավ է նաև այն, որ նախկիննեիի հետ առնչություն չունեցող քննադատին ևս շատ արագ փոխկապակցում են նախկիններից մեկի հետ և արժանացնում նույն պատասխանին։

Մեր ժողովուրդը կարծես թե արդեն սկսել է հասկանալ, թե ինչ է կատարվում և հետզհետե փոխում է իր վերաբերմունքը իշխանության նկատմամբ։
Ամենացավալին այն է, որ այսօրվա իշանությունները դրդում են բոլորին դեպի ֆեյք քաղաքականություն։ Սա նոր եզրույթ է, որը կարծես թե մեզանում շատ խորը արմատներ է դնում, ինչը ես անձնապես համարում եմ չափազանց վտանգավոր։ Ինչ է իրականում կատարվում այսօրվա քաղաքական դաշտում. Իշխանությունները “հեղափոխության” առաջին իսկ օրերից վարպետորեն ներդրել են ֆեյք օգտատերերի բանակը, որը դարձավ մարդկանց մտածելակերպի վրա ազդելու ամենալավ միջոցը։ Իրականում կարող ենք փաստել, որ անցած տարի կատարված հեղաշրջումը հաջողության հասավ հենց այդ գործիքի անթերի օգտագործման պատճառով։ Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ մարդը իր էությամբ միշտ փորձում է հայտնվել հաջողակների կողքին։

Անցած տարվա հանրահավաքի օրերին կազմակերպիչները, օգտագործելով ֆեյսբուքը, ստեղծեցին տպավորություն, որ ողջ ժողովուրդը իրենց կողքին է։ Դա հաջողվեց անել հենց հզորագույն ֆեյքերի բանակի շնորհիվ։ Ասել, որ սա անօրինական է անշուշտ չեմ կարող, բայց միանշանակ կասեմ, որ նման կերպ ապակողմնորոշել սեփական ժողովրդին անպատիժ չի մնա։

Միևնույն է` գալու է ժամանակը, երբ ամեն ինչ ջրի երես է դուրս գալու։
Ինչևէ, եղավ այն ինչ եղավ, ունենք այն ինչ ունենք։

Կարծես թե արդեն ժամանակն է զբաղվել գործով և կյանքի կոչել խոստացվածի գոնը մի մասը։ Բայց ինձ համար շատ զարմանալիորեն, իշխանությունները ցայսօր դիմում են նույն մեթոդներին և արդյունքում շարունակում են ֆեյք քաղաքականություն վարել։ Որպեսզի լավ հասկանաք գրածս մտեք ցանկացած նորությունների էջ և կարդացեք նախկինների ցանկացած հոդվածի տակ գրված մեկնաբանությունները։ Հետո ուղղակի մտեք այդ օգտատերերի էջերը և կտեսնեք, որ գերակշիռ մասը ֆեյքեր են։ Նույնիսկ հիմա, երբ իշխանությունը արդեն իրենցն է, իրենք շարունակում են նույն կերպ աշխատել սեփական ժողովրդի հետ։ Ամենացավալին այն է, որ սրան հակահարված հասցնել հնարավոր է միմիայն նույն տեխնոլոգիայով։ Եվ ահա արդյունքում մենք ունենք ֆեյք քաղաքական դաշտ, որում որոշիչ է դառնում ոչ թե քո գրված հոդվածի էությունն, այլ տակի քոմենտների լավ կամ վատ լինելը։

Մարդիկ սկսել են չգնահատել քաղաքական միտքը, այլ կարծիք ստեղծել ուրիշների քոմենտների հիման վրա։ Կարծում եմ, Հայաստանը դեռ պատմության մեջ իր ուրույն տեղը կգտնի ֆեյսբուքի նման վարպետորեն օգտագործելու համար։

Ստացվում է այնպես, որ ընդդիմությունը ընդունել է իշխանության մարտահրավերը և անցել է գրեթե նույն քանակով ֆեյքերի օգտագործմանը։ Անկեղծ չեմ կարող մեղադրել, քանի որ պատերազմի դաշտում պետք է կիրառես համարժեք զենք, այլապես դատապարտված ես պարտության։

Հետաքրքրականն այն է, որ այս մենամարտում միանշանակ ուշ թե շուտ հաղթելու է ընդդիմությունը մեկ շատ պարզ պատճառով. Ընդդիմությունը իրականացնում է միայն մեկ «մարտական» խնդիր այն է՝ բոլորին ցույց տալ իշխանության սխալները, իսկ իշխանությունը բացի գիբրիդային պատերազմից նաև մարտնչում է երկրի ղեկավարման հարցում։

Չունենալով լուրջ թիմ՝ դժվար թե իշխանություններին հաջողվի արդյունավետ պայքար տանել այս երկու դաշտերում։ Ընդորում շատ աներկբա երևում է, որ իշխանությունները իրենց ամբողջ ռեսուրսը դրել են հենց ներքին հիբրիդային պատերազմի վրա, ինչը անխուսափելիորեն բերում է անթիվ սխալների իրագործմանը ռեալ կառավարման ոլորտում։ Եթե կարճ, ապա իշխանությունները նախընտրում են հաղթել ֆեյսբուքում քան ռեալ կյանքում։ Սա էլ իհարկե իր պատասխանն ունի. Որտեղ կարողանում են, այնտեղ էլ պայքարում են։

Արդեն ակնհայտ է, որ ռեալ կառավարման դաշտում ներկայիս իշխանությունը անելիք չունի թե՛ փորձի բացակայության, թե՛ մասնագիտական տկարության պատճառով։ Դեռևս կա մեկ այլ շատ կարևոր հարց, այն է՝ արդյոք ներկայիս իշխանությունը չի կարող անել այն ամենը ինչ խոստացել է, թե՞ չանելը ևս թելադրված և մտածված քայլ է։ Սա մենք շուտով կհասկանանք։

Շատ լավ օրինակ կարող է ծառայել Միքայել Մինասյանի վերջին հոդվածը։

Մտեք տարբեր լրատվականներ և ակնհայտորեն կտեսնեք, թե ինչ է նշանակում գիբրիդային պատերազմ։ Մեկ լրատվականում ունենք անթիվ անհամար շատ վատ քոմենտներ իսկ մյուսում շատ լավ։ Ընդ որում՝ քոմենտների բովանդակությունից ակնհայտ երևում է, որ գրողների գերակշիռ մասը նույնիսկ ծանոթ չէ տեքստին, այլ ուղղակի կատարում է իր գործառույթը՝ այն է փնովվել կամ գովել։ Եվ ուր ենք այսպես հասնելու, ո՞ւր.

Միթե սրա համար էիք փողոց փակում, միթե սրա համար էիք նախկիններին մերժում, միթե սրա համար էիք վարչապետի հրաժարականի օրը ուրախանում և փողոցներում խորոված անում։ Մի պահ կանգ առեք և գիտակցեք, որ փողոցում խորոված անելուց առաջ չեք էլ անցել և մինչ այսօր այդ նույն խորովածն էլ անում եք, բայց դե ինչ եք հիմա նշում արդեն պարզ չէ։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հենց ժողովուրդը պետք է թացը չորից զատի և սկսի գիտակցել իրականացվող պրոցեսների վտանգավորությունը և ձևավորի ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, այլ ոչ թէ կրկին ընկնի հոդվածների տակի քոմենտների թակարդը։ Կյանքը այն է, ինչ դուք տեսնում և ձեր իսկ մաշկի վրա զգում եք ամեն օր, այլ ոչ թե Ramzes16e8 օգտատիրոջ գրած քոմենթում նկարագրածը։

Հասկացեք ի վերջո՝ ընդդիմությունը չի կրում երկիրը զարգացնելու և շենացնելու պարտավորություն, դա իշխանությունների սուրբ գործն է։ Իշխանավորներ, դուք քվե եք ստացել ոչ թե հիբրիդային պատերազմներ վարելու և նախաձեռնելու, այլ երկիրը զարգացնելու համար։
Դուք անխուսափելիորեն պարտվելու եք, եթե այսպես շարունակեք։

Ակնկալում եմ, որ շուտով կլինեն շատ աղմկոտ նոր ձերբակալություններ, բայց կասկած չունեմ, որ ամեն ձերբակալության հետ հենց ձեր վարկանիշն է իջնելու։

Դրա վառ ապացույցն է Նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող վենդետան, որը հենց ձեզ կանգնեցրել է փակուղու առաջ։ Հասկացեք, որ ի տարբերություն ձեզ, Նախագահ Քոչարյանը և Նախագահ Սարգսյանը ունեն սկզբունքներ, որոնց չեն դավաճանելու, ձեր պես չեն փախնելու և պայքարելու են հանուն արդարության մինչև վերջ։

«Մի ֆեյքը լավ է, երկուսը ավելի լավ» քաղաքականությամբ դուք սպառում եք ձեր իսկ ռեսուրսը և շատ շուտով խճճվելու եք ձեր իսկ հրահրած գիբրիդային պատերազմում»։

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս